Մատչելիության հղումներ

ՀԿ-ները դատապարտում են Իոաննիսյանի անձնական տվյալների գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, արխիվ

Ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որով պահանջում են անհապաղ դադարեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նկատմամբ քաղաքական հետապնդումները։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց լրատվական կայքերից մեկում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որոնց տիրապետում է բացառապես ոստիկանությունը և Քննչական կոմիտեն, և որոնք, բացի Դանիել Իոաննիսյանից, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձին»:

Դանիել Իոաննիսյանի անձին և նրա ընտանիքին վերաբերող հրապարակված տեղեկությունները, ըստ ՀԿ-ների, կազմվել են բացառապես ոստիկանության կողմից, և դրանց հիման վրա կայացվել են որոշումներ, որոնք իրենց բնույթով հրապարակման ենթակա չէին, քանի որ պետք է պաշտպանված լինեին անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով:

«Ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների տարածումը հանդիսանում է նաև քրեական օրենսգրքի 144 հոդվածով, ինչպես նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներով: Այսպիսով Դանիել Իոաննիսյանի՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալների հրապարակումը հանդիսանում է առաջին հերթին կոպիտ միջամտություն նրա անձնական կյանքին և նպատակ ունի ճնշում գործադրել անձամբ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ, քանի որ նրա կողմից է հրապարակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները: Սա նաև հանդիսանում է ուղղակի ճնշում հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ: Մեկ հասարակական կազմակերպության կողմից վարչական ռեսուրսների լայնածավալ և կազմակերպված չարաշահման բացահայտումը արձանագրում է ոչ միայն ժողովրդավարական պետության հիմնական ինստիտուտներից մեկի՝ ընտրական համակարգի նկատմամբ կատարվող ոտնձգությունները բացահայտելու գործում իրավապահ մարմինների անգործությունը, այլև պետական հանցագործությունը բացահայտող քաղաքացու նկատմամբ հետապնդումներին իրավապահ մարմինների անմիջական մասնակցությունը», - ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունները նշում են, որ «նման գործելաոճը հատուկ է միայն ոստիկանական պետության գործիքակազմին, անհարիր է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, նպատակ ունի լռեցնել քաղաքացուն և վարկաբեկել քաղաքացիական գործունեությունը և չի համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ամենաբարձր մակարդակով արված հավաստիացումներին»:

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս խստորեն դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի իրավունքների կոպիտ խախտման փաստը և բացահայտ ճնշումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները, պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից քրեական գործ հարուցել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել հասարակական կազմակերպության ներկայացուցչի անձնական տվյալները ապօրինի կերպով երրորդ անձանց տրամադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին», - ասված է հայտարարությունում:

Նշենք, որ երեկ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե «անձի մասնավոր կյանքի գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելը Ոստիկանության գործելակերպը չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG