Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունը «պետական մակարդակի կեղծարարություն է» բացահայտել


«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 24-ը մարտի, 2017 թ․
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 24-ը մարտի, 2017 թ․

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ:

Կազմակերպությունը ներկայացնում է տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

«Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ավելի քան 80 տոկոսը ընդունել են, որ ցուցակ են ներկայացրել Հանրապետականի համար և մանրամասներ են ներկայացրել ցուցակի մասին: 103 դպրոցների տնօրեններից ընդամենը 19-ն է, որ չեն հաստատել ցուցակ ներկայացնելու փաստը: Ընդ որում, պետք է ասեմ, որ այդ 19-ից մի մասը ուղղակի գլխի են ընկել, որ իրենց հետ խոսողը Հանրապետականից չի», - ասաց կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, աշխատանքային ժամին և աշխատանքային հեռախոսահամարին ստացված զանգին պատասխանելով, տնօրեններից շատերը անգամ պարծենալով են նշել, թե ինչ ընդարձակ ցուցակներ են կազմել՝ այնտեղ ընդգրկելով ուսուցիչների, աշակերտների ծնողների տվյալներ, հասցեներ և այլն․ - «Հարցնում էինք, թե արդյոք ընտրողների կամ ծնողների հետ աշխատել են՝ կապված տարածքային թեկնածուների հետ: Մեզ ներկայացում էին տարածքային թեկնածուների անուններ, թե ում հետ են աշխատել: Ես ընթերցեմ այն անունները, որոնք մեզ են տվել․ Արայիկ Հովհաննիսյան, Արտակ Սարգսյան, Միհրան Պողոսյան, Սամվել Ալեքսանյան, Արման Սահակյան, Վահրամ Բաղդասարյան, Սեյրան Սարոյան, Սամվել Սանայան, Գեղամ Հովոյան, Հակոբ Հակոբյան, Բագրատ Հարությունյան, Ռաֆիկ Գրիգորյան:

Ընդ որում, ըստ դիտորդական կազմակերպության ղեկավարի, եթե ընտրողների ցուցակներ կազմողները դպրոցների կամ մանկապատեզների տնօրեններն են, ապա դրանք ստացողները պահանջողները հաճախ պետական այլ օղակների՝ թաղապետարանների ու մարզպետարանների կրթության վարչությունների աշխատակիցներն են․ - «Ամենատարածվածը դա հենց թաղապետարանների կրթության բաժիններն են և մարզպետարանի կրթության վարչություններն են։ Դպրոցների 25 տոկոսը ներկայացնում են անմիջապես Հանրապետական շտաբեր կամ տարածքային թեկնածուների շտաբեր: Դպրոցներից մեկը անգամ ցուցակը ներկայացրել է միանգամից Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը»:

Հասարակական կազմակերպությունը ավելի քան 100 տնօրենների ցուցակները՝ համառատագրված պատասխաններով և ձայնագրություններով հրապարակել է իր կայքում։
Ըստ ներկայցված ձայնագրության, դրանցից մեկում Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոսում է 1700 հոգանոց ցուցակի մասին՝ նշեով, որ դրանում ընդգրկված ընտրողների հետ երկար ժամանակ աշխատել են՝ նույնիսկ վախեցնելով․ - «Իրենց հետ աշխատում են արդեմ մի ամիս, ամեն օր, ամենավերջի ձևով վախեցնելով»:

Ազատությունը կապ հասատատեց Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենի հետ, ով վստահեցրեց, որ 1700 հոգանոց ցուցակ կազմել չէր կարող և առահասարկ նման բան չէր անի, բայց քանի ընտրատարածքային հանձնաժողովի ղեկավար է, շփոթել է ընտրողների ցուցակի հետ․ - «Հարցրել են քանի ընտրող կա, ես էլ, որպես հանձնաժողովի նախագահ, մտածել եմ ընտրողների ցուցակն են հարցնում, ասել եմ մոտավորապես 1700»:

Դիտարկմանը, թե ձայնագրությունում կան իր խոսքերը՝ մենք ամենավերջին ձևով վախեցրել ենք, տնօրենը հակադարձեց․ - «Բացառված է: Ես հաստատ էդքան տգետ չեմ, որ էդպիսի բան խոսեմ»:

Մեկ այլ ձայնագրությունում Վաղարշապատի թիվ 3 դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանը պատմում է, որ ցուցակը բաժանել է երկու մասի՝ ուղարկելով երկու ռեյտինգային թեկնածուների տարածքային շտաբներ, և նշում է, թե քանի անձ կա իր կազմած ցուցակում․ - «Էն դեպքում, բրատ ջան, որովհետև 442 հոգի ա ինձ մոտ»:

Իսկ Երևանի թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման», նշել է, որ կազմել միայն ուսուցիչների ցուցակ։ Խոսրովյանը չցանկացավ զրուցել «Ազատության» հետ։

Դիտորդական կազմակերպության ղեկավարը ավելի քան 100 տնօրենների հետ զրույցից հետո պնդում է, որ ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ պարզապես վարչական լծակների չարաշահման մասին խոսելը մեղմ է ասված․ - «Սա պետական մակարդակի կեղծարարություն է: Սա մի ամբողջ բուրգ է, որը համատարած է, որը ամբողջ հանրապետությունում է գործում: Սա ուղղակի պետական մասշտաբի հանցագործություն է»:

Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբից արձագանքեցին, թե «ձայնագրությունների զգալի մասին ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում»՝ ավելացնելով, որ «ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունն իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված գործելաոճի»: Նշել են նաև, որ «անընդունելի են համարում սադրանքներով ՀՀ քաղաքացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG