Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հաստատում է Ջրառատում նոր միջադեպի մասին լուրը


Աշոտ Ահարոնյան, արխիվ
Աշոտ Ահարոնյան, արխիվ

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ այսօր Ջրառատ գյուղում նոր միջադեպ է եղել, ինչի հետևանքով 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Ահարոնյանի, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել ոտնաթաթի շրջանում, երկրորդն ունի ձեռքի կոտրվածք, իսկ երրորդին վիրավորել են սուր կտրող գործիքով:

«Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն էլ «Ազատությանը» տեղեկացրեց, որ 27-ամյա Արայիկ Մելքոնյանը նախաբազկի կոտրվածք է ստացել: 17-ամյա Հայկ Մելքոնյանը՝ ոտնաթաթի հրազենային վնասվածք, իսկ 53-ամյա Մելիք Մելքոնյանը՝ կտրած-ծակած վերքեր մեջքի շրջանում։ Երեքի վիճակն էլ գնահատվում է կայուն։ Այս պահին հիվանդանոցում են գտնվում նաև տուժածների հարազատները: Նրանք «Ազատությանն» ասացին, որ միջադեպի մանրամասներին տեղյակ չեն, նշեցին միայն, որ տուժածներից երկուսը հայր ու որդի են, իսկ երրորդը՝ եղբորորդին է:

Ոստիկանության նախնական տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է Ջրառատի դպրոցում, ավելի ուշ վեճի մասնակիցներին միացել են այլ գյուղացիներ: Փորձ է արվել կիրառել ինքնաձիգ, ներկաները փորձել են կանխել դա, ինչից հետո հնչել են կրակոցներ: Աշոտ Ահարոնյանի հավաստմամբ, այս պահին Ջրառատում իրավիճակը «վերահսկելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG