Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյանը Ջրառատում տեղի ունեցածը «հերթական ապօրինություն» է գնահատում

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ այսօր Ջրառատ գյուղում դարձյալ զենքի կիրառմամբ միջադեպ է եղել իրենց դաշինքի համակիրների նկատմամբ: Քիչ առաջ դաշինքից հայտնեցին, որ երեք մարդ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրանցից մեկը՝ հրազենային վերքով:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ նշված միջադեպի արդյունքում 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Ահարոնյանի, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել ոտնաթաթի շրջանում, երկրորդն ունի ձեռքի կոտրվածք, իսկ երրորդին վիրավորել են սուր կտրող գործիքով:

Ըստ Ահարոնյանի, կրակոցներ արձակելու մեջ կասկածվող՝ Ջրառատ համայնքի բնակիչ, 1982 թվականին ծնված Տիգրան Սարգսյանը Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքում է:

«Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանն էլ «Ազատությանը» տեղեկացրեց, որ 27-ամյա Արայիկ Մելքոնյանը նախաբազկի կոտրվածք է ստացել: 17-ամյա Հայկ Մելքոնյանը՝ ոտնաթաթի հրազենային վնասվածք, իսկ 53-ամյա Մելիք Մելքոնյանը՝ կտրած-ծակած վերքեր մեջքի շրջանում։ Երեքի վիճակն էլ գնահատվում է կայուն։ Այս պահին հիվանդանոցում են գտնվում նաև տուժածների հարազատները: Նրանք «Ազատությանն» ասացին, որ միջադեպի մանրամասներին տեղյակ չեն, նշեցին միայն, որ տուժածներից երկուսը հայր ու որդի են, իսկ երրորդը՝ եղբորորդին է:

Ոստիկանության նախնական տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է Ջրառատի դպրոցում, ավելի ուշ վեճի մասնակիցներին միացել են այլ գյուղացիներ: Փորձ է արվել կիրառել ինքնաձիգ, ներկաները փորձել են կանխել դա, ինչից հետո հնչել են կրակոցներ: Աշոտ Ահարոնյանի հավաստմամբ, Ջրառատում իրավիճակը «վերահսկելի է»:

Այսօր ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: «Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետևանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ և այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար»,- իր ֆեյբուքյան էջում, մասնավորապես, գրել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, տեղի է ունեցել «հերթական ապօրինությունը»: «Ակնհայտ է՝ եթե մի հանցագործություն չի պատժվում, դա հետագայում այլ հանցագործություններ է ծնում»,- ասաց Մարտիրոսյանը: «Ժառանգության» փոխնախագաը նշեց, որ դեռ չգիտեն, թե ովքեր են այս «նոր ապօրինության» հեղինակները: Միջադեպի մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել նաև «Ժառանգություն» կուսակցությունը:

Ջրառատում միջադեպ էր գրանցվել նաև փետրվարի 12-ին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG