Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել քաղաքագիտության դոկտոր Վարդան Տողանյանը


Վարդան Տողանյան, 10-ը մարտի, 2017 թ․

Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ ՌԴ-ում նախկին դեսպան Օլեգ Եսայանը, ամենայն հավանականությամբ, դարձյալ կնշանակվի Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնում:

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է հայկական մամուլում թերևս ամենից շատ քննադատված դեսպաններից մեկին՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին։ Նախագահի մեկ այլ հրամանագրով, այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը, ով դիվանագիտական աշխատանքի փորձառություն ունի։

1997 թ․ Տողանյանը Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2001-ին Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։

Բացի ռուսերենից Վարդան Տողանյանը տիրապետում է նաև անգլերեն և ճապոներեն լեզուներին, աշխատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը։ 50-ամյա Վարդան Տողանյանը նաև «Եվրասիական մեդիա խմբի» խորհրդի նախագահն է ։ Հայական մամուլն, ի դեպ, ժամանակին նրա անունը ևս կապել է «Վիքիլիքս»-ի գաղտնազերծած պանամական փաստաթղթերի հետ, որոնցում ներկայացված էին օֆշորային գոտում գրանցված ընկերություններն ու դրանց առնչվող անձինք:

Ռուսական լրատվամիջոցներն այս նշանակման մասին, հղում անելով իրենց հայկական աղբյուրներին, գրել էին դեռ մի քանի օր առաջ: Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովն էլ օրերս Երևանում ասել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ոչինչ չի արել, մինչդեռ, Ադրբեջանի դեսպանն ակտիվորեն աշխատել է: Սոլովյովի այս քննադատությունը համընկել է Օլեգ Եսայանի պաշտոնանկության հետ: Վարդան Տողանյանի նշանակման մասին լուրերը, սակայն, շրջանառվում էին դեռ անցած դեկտեմբերից։

Ռուսական աղբյուրները նաև հաղորդում են, որ Օլեգ Եսայանը դարձյալ կնշանակվի Բելառուսում Հայաստանի դեսպան: Այնտեղ գործող դեսպանը ներկայումս Արմեն Խաչատրյանն է: Քաղաքագետ և նախկին դիվանագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, նման պաշտոններում անձերը մեծ դերակատարություն չունեն: Ըստ նրա, արդյունավետ դիվանագիտություն ունենալու համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ:

«Ասենք՝ այդ մարդն ավելի ունակ է, ավելի հետաքրքիր է: Ես հարց եմ տալիս՝ իր առջև խնդիրներ կդրվե՞ն, թե ոչ: Քանի որ Սերժ Սարգսյանը ինչ-որ չափով աշխատում է Պուտինի հետ, պարզ է, որ նա չի ուզում, որ այլ խողովակներով էլ Ռուսաստանի հետ աշխատեն: Ուստի՝ ես չեմ բացառում, որ նորից նոր դեսպանը ոչ մի հանձնարարական չի ստանա, ասենք՝ աշխատել Ռուսաստանում քաղաքական ուժերի հետ, աշխատել տարբեր կենտրոնների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի ՊՆ-ի, ԱԳՆ-ի, այլ ինստիտուտների հետ, Պուտինի խորհրդականների հետ»,- ասաց Գրիգորյանը:

Մինչդեռ քաղաքագետ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի կարծիքով, դեսպանի անձը չափազանց կարևոր գործոն է Հայաստանի նման փոքր երկրի համար: Ըստ նրա, հատկապես վերջին տարիներին դեսպաններ են նշանակում տարբեր բիզնեսմենների կամ նախկին պաշտոնյաների: Այդ առումով, Տողանյանի նշանակումը կարելի է դրական քայլ համարել, ասում է Պապյանն ու հավելում՝ «Ինքն ունի դիվանագիտական աշխատանքի փորձ, միասին աշխատել ենք, պետք է ասեմ՝ բավական ակտիվ է եղել»:

Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ևս կարևորում է հատկապես Ռուսաստանում աշխատող դեսպանի անձը: «Լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում, որովհետև երկար տարիներ աշխատել եմ: Ու գիտեմ, թե ինքան կարևոր է մարդու գործոնը: Ես կարծում եմ, որ այդ կոնտեքստում Վարդան Տողանյանի նշանակումը շատ ճիշտ էր, որովհետև նա աշխատել է դեսպանատանը, բացի այդ, նա երկար տարիներ մեդիա-դաշտում շատ կարևոր խաղացողներից է եղել»,- ասաց Սմբատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG