Մատչելիության հղումներ

Օլեգ Եսայանն ազատվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջունում է Օլեգ Եսայանին, 2016թ.
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջունում է Օլեգ Եսայանին, 2016թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը։

Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Հայաստանի դիվանագիտական աղբյուրները, հաղորդել էր, որ Եսայանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից։

«Օլեգ Եսայանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատելու հրամանագիրը կհրապարակվի մարտի 10-ին: Չի բացառվում, որ նա դեսպան նշանակվի Բելառուսում», - ասել է «Ինտերֆաքս»-ի զրուցակիցը, հավելելով, թե Մոսկվայում հնարավոր է նոր դեսպան նշանակվի կադրային դիվանագետ Վարդան Տողանյանը:

Երբ դեռ պաշտոնական տեղեկատվություն չկար, Wikipedia-ի հայկական տարբերակում Օլեգ Եսայանի մասին արդեն նշված էր՝ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան՝ 2010-2017 թվականներին:

Եսայանը մեկ ուրիշ առիթով տված մեկնաբանությունում փաստորեն հաստատել էր, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից:

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովը օրերս Երևանում ասել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ոչինչ չի արել, իսկ Ադրբեջանի դեսպանը ակտիվորեն աշխատել է: Այս կապակցությամբ Օլեգ Եսայանը, մեկնաբանություն տալով Tert.am-ին, ասել էր, թե մոտավորապես մեկ տարի անտեսում էր իր հասցեին Վլադիմիր Սոլովյովի նպատակաուղղված մենախոսությունը:

«Հնարավոր է, լավ կլիներ նաև լռեի աշխատանքային այս վերջին օրով, երբ ես հրաժեշտի հանդիպման եմ գնում Ռուսաստանի արտգործնախարարություն և չէի ցանկանա, որ այդ մտքերը մնային Ռուսաստանում Հայաստանի դեսպանի իմ 7-ամյա գործունեության վերջին մեկնաբանությունը», - ասել էր նա: Եսայանը նշել էր, որ Սոլովյովն ակնհայտորեն ստել է:

Լրացնելով Օլեգ Եսայանի դիվանագիտական կենսագրությունը՝ նշենք, որ նա 2006-2010 թվականներին Հայաստանի դեսպանն էր Բելառուսում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխության լուրը հաղորդում էին նաև ռուսական մի շարք լրատվամիջոցներ, իսկ Vestnik Kavkaza կայքը հիշեցնում էր, որ հավանական նոր դեսպանի՝ Վարդան Տողանյանի անունը կար «Պանամական փաստաթղթերում», որտեղ ներկայացված էին օֆշորային գոտում գրանցված ընկերությունները և դրանց հետևում կանգնած մարդիկ: Նշվում էր նաև, որ նա 2014 թվականից դարձել է ադամանդագործական «Շողակն» ընկերության բաժնետեր, որի համասեփականատերերը ռուսաստանաբնակ գործարարներ Ահարոն Պապոյանն ու Վահագն Աբգարյանն են:

50-ամյա Վարդան Տողանյանը «Եվրասիական մեդիա խմբի» խորհրդի նախագահն է, հաղորդում է Regnum գործակալությունը: Նա կադրային դիվանագետ է, նախկինում աշխատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը որպես մամուլի քարտուղար:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG