Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ չեն ընթանում


Հունաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Նիկոս Կոցիասը (ձ) և Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսում:
Հունաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Նիկոս Կոցիասը (ձ) և Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսում:

Արտգործնախարարների մակարդակով Մոսկվայում կայացած ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում:

Այսօր Երևանում Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսին Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ինչ վերաբերում է բանակցությունների Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ապա այդ բանակցությունները չեն ընթանում այսօր այն պատճառով, որ շատ լուրջ հարված հասցվեց ապրիլյան նոր ագրեսիայով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ: Եվ կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը հետ մղվեց: Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են ջանքերը՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել», - ասաց Նալբանդյանը:

«Երբ որ հանդիպումներ են կայանում, ինչ-որ բանի մասին պայմանավորվում են և հետո այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում, ուրեմն մեծ հարց է առաջանում՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը իսկապես պատրաստ է բանակցությունների»,- շարունակեց Նալբանդյանը, սակայն անմիջապես հավելեց․ - «Բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին: Եվ դա է պատճառը, որ եռանախագահները Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձում են հնարավոր ջանքեր գործադրել, որպեսզի առաջ մղեն բանակցային գործընթացը, դրա պատճառով է, որ եռանախագահները այցելեցին Բաքու: Այս ամսվա վերջին, դա մարտի 27-ին լինելու, եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Ղարաբաղում, և պետք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ: Բայց նախևառաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մոտ երկու շաբաթ առաջ էր Մոսկվայում բանակցություններ վարում ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: Դրանից շուրջ տասն օր անց Լավրովը ընդունեց Ադրբեջանի արտգործնածարար Մամեդյարովին: Վերջինիս հետո համատեղ ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց․ - «Երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են [ղարաբաղյան կարգավորման] վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են»:

Այսօր Նալբանդյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ առանցքային թեմաների շուրջ են քննարկումներ ընթանում: Նախարարը պատասխանեց․ - «Այն հարցին, թե որ կետերը չենք համաձայնվել․․․ Գիտեք, սա բանակցային գործընթաց է․ եթե կարիքը լիներ հիմա ներկայացնեինք այն կետերը, որոնք չենք համաձայնվել, էն ժամանակ բանակցությունների իմաստ չէր լինի: Թերթերի միջոցով մենք կբանակցեինք և չէինք էլ հանդիպումներ ունենա»:

«Ազատության» հարցին, թե հաշվի առնելով նախորդ երկու շաբաթներին Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, արդյոք գործ ունենք ղարաբաղյան խնդրում ռուսաստանյան ինչ-որ նախաձեռնության հետ, Նալբանդյանն արձագանքեց․ - «Եթե այդպիսի նախաձեռնություն լինի, այն ժամանակ․․․ մենք երբևէ գաղտնիք չենք պահում մեր հանրությունից և ամեն ինչի մասին բացեիբաց խոսում ենք: Ներկա պահին խոսքը գնում է միայն եռանախագահների այցելության մասին տարածաշրջան: Հայաստանը երբևէ չի հրաժարվել հանդիպումներից թե՛ նախարարների, թե՛ ավելի բարձր մակարդակով: Բայց այդ հանդիպումները պետք է համապատասխան ձևով նախապատրաստվեն»:

Նալբանդյանը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերություններից՝ ներկաներին հիշեցնելով, որ ժամանակին Անկարան հրաժարվեց վավերացնել և իրականացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ խախտելով իր իսկ պարտավորությունները․ ֊ «Հայաստանը միշտ բաց է հարաբերությունները կարգավորել նաև Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների: Եվ հուսով ենք, որ մեկ օր Թուրքիայում էլ նույն մոտեցումը, դիրքորոշումը կունենան և կհարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ երկրների հետ»:

XS
SM
MD
LG