Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Այն, ինչ ասում է Ալիևը, շանտաժ է, ոչ թե փոխզիջում


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ, արխիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ, արխիվ

Հայաստանի նախագահը կոչ է անում Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում:

Հայաստանի նախագահը կոչ է անում Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում:

«Նոր պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պնդելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձախողում է խաղաղ կարգավորման փորձերը: «Նա ասում է, թե չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, ես ասում եմ՝ դա շանտաժ է, ոչ թե փոխզիջում», - Փարիզ այցից առաջ France-Presse լրատվական գործակալությանն ասել է Հայաստանի նախագահը:

«Հայաստանում հասարակական ընկալմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի, միգուցե շաբաթների կամ ամիսների հարց է, ըստ այդմ՝ Զինված ուժերի առաջնորդն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն պատերազմի, որը կարող է սկսվել վաղը», - ասել է Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով՝ չի կարծում, որ նոր պատերազմի վերսկսումը մոտ ապագայի հարց է, բայց և ոչինչ չի բացառում:

Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը վերստին մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելու կապակցությամբ: «Մենք դա ցավով ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է», - ասել է Սերժ Սարգսյանը:

Փարիզյան այցի ընթացքում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ընդգծել է ֆրանսիայի հետ տնտեսական կապերն ակտիվացնելու անհրաժեշտությունը, պնդելով՝ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն ամենևին գոհացուցիչ չեն: Առանձին հանդիպում ունենալով ֆրանսիացի գործարարների հետ՝ Սարգսյանն այսօր հայտարարել է՝ Հայաստանի իշխանությունն ուզում է, որ ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում և պատրաստ է ապահովել բարենպաստ պայմաններ:

«Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին՝ ներդրումներ կատարել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում, իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները»,- ասել է Հայաստանի նախագահը: Հայաստանն այսօր կայուն զարգացող երկիր է, որն արդյունավետորեն դիմայակում է համաշխարհային տնտեսության հաճախ անկանխատեսելի փոփոխություններին, նաև նշել է Սարգսյանը Ֆրանսիայի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդպմանը:

«Վերջին տարիներին մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի սահմանափակ ներքին շուկան ընդլայնելու ուղղությամբ»,- նաև ասել է Սարգսյանը, որպես ասվածի ապացույց նշելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու շարունակական համագործակցությունը միջազգային պատժամիջոցներից ազատված Իրանի հետ:

«Իրանի հետ մեր ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Հայաստանով է անցնում նաև Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ և ամենաապահով տարանցիկ ուղին»,- ասել է նա:

Տնտեսական կապերն ակտիվացնելու ուղերձով Հայաստանի նախագահը երեկ դիմել էր նաև Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչներին: «Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, ապա մեր «ծովը» սփյուռքն է»,- հայտարարել էր նա ու հավելել․ «Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար և ավելի ժողովրդավար, ապա մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք և ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք:

Հայաստանը և սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը՝ միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից և հիասթափությունից: Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք և մեկս մյուսին լրացնելով ու օգնելով՝ առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG