Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան․ Հրահրողը եղել է Մուրադ Մուրադյանը


«Մասիսում հրահրողը կոնկրետ տվյալ միջադեպի եղել է Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանը՝ իր թիմակիցների հետ․, - «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Համենայն դեպս», - շարունակեց նա, - «մեր թիմակցին դանակահարել է, դա փաստ է, պաշտոնապես հաստատված է, Մուրադ Մուրադյանի նախընտրական շտաբի ակտիվ Հանրապետական աշխատակիցը: Սա պարզ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել»:

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում երեկ դանակահարված Աբրահամ Ադամյանը, Զոհրաբյանի փոխանցմամբ, գյուղում «Ծառուկյան դաշինք»-ի պատասխանատուներից է:

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հակադարձեց․ - «Մուրադ Մուրադյանը հերքել է, որ իր հետ կապ ունի: Քննությունը կվարվի, և կա անմեղության կանխավարկած․․․ Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չէ, որ ինչ ասի, մենք ընդունենք: Եթե կա հանցագործության խնդիր, եթե կա օրենքի խախտում, բնականաբար, անկախ նրանից, թե ում կողմնակիցներն են և արդյոք դա ունի քաղաքական դրդապատճառ թե չէ, պետք է պատժվեն: Ես բացահայտ ասում եմ»:

Պատժելու միակ տարբերակը, ըստ Զոհրաբյանի, հետևյալն է․ - «Մարդուն, որին քանիցս, իմ տեղեկատվությամբ, զգուշացվել է, որ՝ ընտրապայքարը մի վերածեք ցլամարտի, շարունակում է նույն վարքագիծը: Եթե տվյալ գործիչը հանվում է ընտրապայքարից, ապա մյուս գլադիատորները, կարծում եմ, դրանից հետևություն կանեն: Հետևություն արվելու է միայն պատժից, այլապես այս անպատժելիության մթնոլորտը շարունակվելու է»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Շարմազանովը այստեղ էլ հակարդարձելիք ունի․ - «Աստված մի արասցե, որ մենք ապրենք մի երկրում, որտեղ գործի ոչ թե օրենքը, այլ ականջ քաշելը: Կա օրենք, կա իշխանություն դատական, իրավապահ մարմիններ, որոնք պետք է զբաղվեն: Ականջ քաշում է հայրիկը երեխայի»:

Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է դաշինքի ռեյտինգային թեկնածուներին ու հորդորել է չտրվել սադրանքներինմ, առավելագույն ջանքեր գործադրել ընտրությունները քաղաքական տիրույթում պահելու համար:

«Հերթական անգամ դիմում եմ տարբեր ռեգիոններում իրենց բեսպրեդել համարող թեկնածուներին, նրանցից մեկը հենց Մասիսի ռեգիոնի Հանրապետական թեկնածուն է, ով ամենուր հայտարարում է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է․․․ Ենթադրվում է «ամեն ինչ թույլատրված» բանաձևի մեջ մտնում է նաև մարդ սպանել, մարդ մորթել, մարդ դանակահարել: Շատ կարևոր մի բան կարծես թե սկսում են բոլորը մոռանալ՝ որ ապրիլի 2-ով կյանքը չի ավարտվելու, ապիրիլի 2-ին հետևելու է ապրիլի 3-ը: Այդ մարդիկ միմյանց կողք ապրում են, միմյանց հետ հարաբերվում են, շատերը միմյանց հետ ունեն ընկերական, ազգակցական հարաբերություններ: Եվ այսօր դասել քվեն մարդու կյանքից առավել, սա անբարոյականության վերջն է», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

«Բոլոր նրանք, ովքեր կփորձեն նախընտրական պայքարի ընթացքում քաղաքական պայքարը վերածել բռունցքների պայքարի, խստագույնս պատժվելու են: Բոլոր նրանք, ովքեր որ կփորձեն ապատեղեկատվություն տարածել՝ ևս: Մենք, որպես քաղաքական իշխանություն, անելու ենք հնարավորինը, որպեսզի այդ ընտրությունները լինեն օրինականության սահմաններում: Մնացյալը իրավապահների խնդիրն է», - խոստացավ Շարմազանովը:

Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցները, ըստ մամուլի, մի քանի օր առաջ էլ ծեծի էին ենթարկել ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու Արային Գրիգորյանի նախընտրական շտաբի պետին: Հրապարակումների համաձայն, Մուրադյանին բարկացրել էր, որ Արայիկ Գրիգորյանը խախտել է ներքին պայմանավորվածությունն ու նախընտրական շտաբեր է բացել իր գրասենյակի հարևանությամբ:

Իսկ Դաշնակցությունը պնդել էր, որ Արագածոտնում առաջադրված Հանրապետական թեկնածու Բազմասեր Առաքելյանը մի քանի տասնյակ կողմնակիցների հետ դաժան ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին՝ տեղեկանալով, որ նա պատրաստվում է քվեարկել Դաշնակցության օգտին:

Ոստիկանությունը զբաղվում է այս երկու դեպքերով:

Հայ ազգային կոնգրեսից Արաբկիրում առաջադրված Արամ Մանուկյանը կարծում է, որ լարվածությունը կավելանա․ - «Թասիբով տղերքը լուրջ դրսևորումներ կունենան, ավելի համարձակ կպաշտպանեն իրենց իրավունքները և ձայները: Եթե իրանք պատրաստ են, թող մի քիչ էլ կրակեն իրար վրա, ի՞նչ ա եղել: Վերջին հաշվով դեմոկրատական է, այդպես կարելի է մտնել պառլամենտ»:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան

Մանուկյանը համոզված է, որ լարվածության պատճառը ռեյտինգային ընտրակարգն է․ - «Տեսնելով, որ տեղամասերում շատ դժվար է լինելու․ միջազգային կառույցների աջակցությամբ այս ծրագրի իրականացումը, ցուցակների հրապարակումը և նկարահանումը շատ է դժվարացրել կեղծարարների գործը: Նրանք ստիպված ընկել են ժողովրդի վրա տոտալ հարձակման և փորձում են վախեցնելով, սպառնալիքով բերել ձայներ: Այսինքն՝ մեթոդը տարբեր է, մոտեցումը տարբեր է: Անգրագետը, որը պառլամենտում քսան տարի նստել է, մի բառ չի խոսել, նա ո՞նց կարա ձայն բերի, բացի փողը․․․ Դա լինելու է զոռբայության, անգրագիտության, փողերի, մկանների մրցույթ: Եվ կարծում եմ, էստեղ կհաղթի այն ուժը, որը իրեն զերծ կպահի էդ գործիքներից, չի կիրառի էդ գործիքները: Եվ ես հլարտությամբ կարող եմ ասել, որ մեր թիմերը, մեր մասնակիցները գնում են իրար գրկած, իրար հետ մեկ թիմով նկարվելով, մեկ թիմով մենք կանցկացնենք բոլոր հանդիպումները»:

XS
SM
MD
LG