Մատչելիության հղումներ

Արարատի մարզում դանակահարվել է ԲՀԿ-ի ակտիվիստը


Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասաց, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է: Զոհրաբյանի խոսքով, «այս ամենը հրահրում են մարզի հանրապետականները», նպատակ ունենալով «ընտրությունները վերածել սոդոմ գոմորի»: «Ընտրապայքարը քաղաքական դաշտից տեղափոխվել է կրիմինալ դաշտ»,- հավելեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

ԲՀԿ-ի Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Ստեփանյանը, ով «Ազատության» հետ հեռախոսազրույցի ժամանակ գտնվում էր «էրեբունի» ԲԿ-ում, ասաց, որ այս պահին վիրահատություն է ընթանում: Ոստիկանությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ այսօր Մասիսի հիվանդանոցից հաղորդում են ստացել այն մասին, որ այնտեղ տեղափոխված երիտասարդը վերքեր է ստացել որովայնի շրջանում:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն էլ «Ազատությանն» ասաց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, դանակահարողն ու դանակահարվողը բարեկամական կապի մեջ են:

Մասիսում հանրապետական պատգամավորների թիմակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, անցած շաբաթ օրը, նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության բոլոր ռեյտինգային թեկնածուներին հանձնարարել էր չներքաշվել ծեծկռտուքների մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG