Մատչելիության հղումներ

Մասիսում բախվել են ՀՀԿ-ական երկու թեկնածուների կողմնակիցները


Մասիսում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանը (ձ) և Արայիկ Գրիգորյանը:
Մասիսում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանը (ձ) և Արայիկ Գրիգորյանը:

Քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել, բայց Արարատի մարզի Մասիս քաղաքում արդեն եռում են նախընտրական կրքերը:

Հանրապետականի տարածքային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև երեկ ուշ երեկոյան, ըստ մամուլի ծեծկռտուք է եղել:

Մուրադ Մուրադյանին, մամուլի հրապարակումների համաձայն, բարկացրել է այն, որ Արայիկ Գրիգորյանը խախտել է ներքին պայմանավորվածությունն ու նախընտրական շտաբեր է բացել իր գրասենյակների հարևանությամբ, և նրա հրահանգով իր կողակիցները ծեծի են ենթարկել Գրիգորյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Հակոբյանին:

Մուրադ Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում այսօր հերքեց իր մասնակցությունն այս միջադեպին՝ նշելով, որ երեկ երեկոյան կնոջ հետ միասին Երևանում է եղել․ - «Լուրեր են տարածվում, որ մտել են շտաբ։ Ես ոնց հարցրել եմ, ոչ մեկ չի մտել շտաբը․․․ Մնացածը պարզեք ոստիկանությունից»:

Մուրադյանը, սակայն, չհերքեց, որ Գրիգորյանի նախընտրական շտաբի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո իր կողմնակիցներին բերման են ենթարկել ոստիկանություն: Բայց թե քանի հոգու և ինչ մեղադրանքով՝ չգիտի: Ավելին նա նշում է՝ ծեծված Սամվել Հակոբյանին ճանաչում է դեռ մանկուց:

Մուրադյանի խոսքով՝ նախկինում ինքն ու Արայիկ Գրիգորյանը ևս շատ ջերմ հարաբերություններ են ունեցել, բայց հիմա դրանք «զրոյական են»:

Ինչ վերաբերում է նախընտրական պայմանավորվածությունը խախտելուն, ապա թեկնածուն ըստ էության չի բացառում, որ Հանրապետական կուսակցության ներսում նման որոշում է եղել․ - «Խախտվել ա ամեն ձև այդ պայմանավորվածությունը․․․ Այս ընտրատարածքի պատգամավորը մեծամասնական ես եմ եղել, և առաջադրվել եմ իմ ընտրատարածքում: Ես որևիցե մի տեղ դեռ շտաբ չեմ բացել: Բայց որ սենց գնաց, ես էլ շատ տեղ կգնամ, շտաբներ կբացեմ»:

Քաղաքի մեկ այլ հատվածում գտնվող շտաբում նախ հերքեցին, թե դա Գրիգորյանի կողմնակիցների հավաքատեղին է, ապա նշեցին, այդ տարածքը բացվել է 2 օր առաջ, որտեղ մարդիկ հավաքվում են ու քննարկում նախընտրական հարցերը: Երեկվա միջադեպի մասին այստեղ լսել էին, բայց դրդապատճառների մասին ասացին, թե ոչինչ չգիտեն:

«Ազատությունը» փորձեց միջադեպի մասին մանրամասներ ճշտել անձամբ Արայիկ Գրիգորյանից, բայց նրա հեռախոսն անջատված էր:

Հանրապետական այս թեկնածուն նաև Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:

Մարզպետ Գրիգորյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց․ - «Այո, երեկ դեպք ա եղել, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Հարցրեք իրավապահ մարմիններից: Երբ որ հստակություն կլինի, ձեզ կտեղեկացնեմ»:

Մուրադ Մուրադյանը, մինչդեռ, նախընտրական կրքերի բորբոքման մեջ մեղադրում է ոստիկանության Արարատի մարզային վարչություն պետ Սևան Քոչարյանին՝ նշելով, թե վերջին 1.5 ամսում մարզում առաջացած լարված իրավիճակի համար հենց նա է պատասխանատու:

Սևան Քոչարյանն այս առնչությամբ «Ազատությանը» փոխանցեց․ - «Ես չգիտեմ պարոն Մուրադյանը ինչ է ասել․․․ Ես իմ գործառույթներն եմ կատարում օրենքով սահմանված կարգով: Մյուս բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմեք մեր լրատվական ծառայությանը»:

Ոստիկանության լրատվության բաժինց «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ տարվում է հետաքննությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG