Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊՆ-ում «պրիմիտիվ քարոզչություն» են որակում Ադրբեջանի ՊՆ հաղորդումը


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը իբր հայկական մի հենակետ կամ շտաբ շարքից հանելու մասին:

«Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը՝ խուճապը մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության», - հայտարարեց Հասրաթյանը:

«Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած «բեմականացված» ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի», - ընդգծեց Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության խոսնակը:

Քիչ անց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվեց հետևյալ հաղորդագրությունը․ - «Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG