Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ը ևս նյութեր է հրապարակում գիշերվա իրադարձությունների վերաբերյալ


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է հրապարակել՝ ներկայացնելով «գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն», ինչպես նաև «հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրություն»:

Ղարաբաղի ռազմական գերատեսչության հավաստմամբ՝ առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ հակառակորդի կողմից ականազերծման «Տրոպա» տիպի տեխնիկայի կիրառումը, հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը և հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը:

Երկրորդ տեսանյութում, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչության, ներկայացված է Մարտունու ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրա վնասազերծման գործողությունը, հակառակորդի կրած կորուստները՝ 5 դիակ: «Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր», - ասված է հաղորդագրությունում:

«Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ», - ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, գիշերը շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ավելի վաղ տեսանյութ էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG