Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «չի ողջունում» Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն​։

«Ազատություն». - Պարոն Ծառուկյան, այս անգամ Ձեզ կհաջողվի՞ հաղթանակի հասնել՝ իշխանափոխություն իրականացնել։

Ծառուկյան. - Գեղեցկուհի ջան, ինչ-որ կար ես ասել եմ, ինչին մենք պատրաստ ենք ասել ենք, այսօր ամենակարևոր խնդիրները, որ Դուք էլ եք Ձեր առօրյայի, ապրելակերպի վրա զգում... ես ասել եմ, որ ձեռքներս ծալած չենք կարող նստել, պատրաստակամ ենք այս կարևորագույն պրոբլեմները, խնդիրները լուծելու, որ փոքր ինչ հնարավորություն տանք մեր ազգին ոտքի կանգնելու։ Այսօր ինչ-որ անհատի խնդիր չէ, որ մարդը մտածի իր պաշտոնին մնալու համար, այսօր ազգի խնդիրն է, պետության խնդիրն է։ Մեր ժողովրդի ցավը տանեմ, եթե մենք կարողանանք քարոզարշավը ճիշտ կատարել, ժողովրդին տեղեկացնել, ուրեմն ժողովուրդը պետք է որոշի իր ապագայի խնդիրը։ Կախված է մեր ժողովրդից, կախված է մեզնից, որ իմ թիմակիցները կարողանան քարոզարշավը ճիշտ կատարել՝ մեր ժողովրդին լսելու և մեր ծրագիրն իրենց ներկայացնելու։

«Ազատություն». - Պարոն Ծառուկյան, վստահ եմ՝ լսել եք, թե ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, որ «չի ողջունում» Ձեր վերադարձը քաղաքականություն, այս հայտարարությունն ինչ-որ ձևով ազդեցություն կունենա՞ Ձեզ վրա։

Ծառուկյան. - Ես չգիտեմ, դա գնացեք ժողովրդին հարցրեք, Ձեր ցավը տանեմ, հիմա Ծառուկյանը ոնց որ մաքուր, անկեղծ, հավատարիմ եղել է իր թիմին, իր ժողովրդին... ես ասում եմ և Դուք էլ գիտեք, Դուք էլ եք զգում, որ էս մարդը մաքուր մարդ է, կառուցող մարդ է, նվիրյալ է իր ազգին, իր ժողովրդին։ Իր ազգի պատիվը աշխարհով մեկ բարձր պահող մարդ է։ Մեր լրագրողները նախադասություն եմ ասում, նախադասության կեսը գրում եք, կեսը չեք գրում, մի հատ էլ Ձեր ուզած վերնագիրը դնում եք...

«Ազատություն». - Նկատի ունեմ, որ նախագահի այդ հայտարարությունը Ձեզ հետ չի պահելու, Դուք վճռական եք և մինչև վերջ գնալու եք։

Ծառուկյան. - Նախագահը, մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, դա իր որոշումն է։ Ես նորից եմ ասում, իմ թիմակիցներին էլ եմ ասել՝ ոչ թե միայն նախագահին, ցանկացած կուսակցության, որևիցե մեկին վիրավորելու, նեղացնելու, ցեխ շպրտելու... դա թույլ մարդն է անում, մարդը պետք է կարողանա իր արած գործով, իր մոտեցումով ցույց տա հանրությանը, իր պատրաստակամությամբ։ Այսօր ցանկացած մարդ կարող է գեղեցիկ ծրագիր գրել, բայց պետք է նայես այդ մարդու անցած ճանապարհը, կատարած գործը, նա ի վիճա՞կ է այդ ծանրության տակ մտնելու, այդ գործը կատարելու։ Այս հողից ծնված սովորական աշխատողի ընտանիքից մարդ եմ, զրոյից կայացած, որ ամեն ինչը գիտեմ, պատկերացնում եմ, տեսել եմ, արել եմ, հաղթել եմ։

Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին անդամ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ իր հայրը ընտրապայքարում ներգրավված չի լինի։ Ծառուկյանն էլ այսօր ասաց, որ՝ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ։

Լրագրողների հարցին, թե հիասթափվա՞ծ է, որ լայն կոնսոլիդացի չեղավ, Ծառուկյանը պատասխանեց. - «Ես ցանկացել եմ համախմբել, որ բոլորը գան, որովհետև սա մի մարդու բան չի, ես ամբիցիաներ չունեմ, ես պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել, մեր դռները բաց են բոլորի համար, բայց սովորական բանակցության պայմաններում, եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկը մեղավոր չէ»։

«Ակնկալիքը՝ եկել ենք հաղթելու, բայց դա մեզնից կախված չէ, կախված է ժողովրդից, մենք ասեցինք, թե ինչ կարող ենք անել, մտածողը, ընտրողը դուք եք, որից մեկը դու ես», - ասաց ԲՀԿ առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG