Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է»


«Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է», - երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նիստում ասել է երկրի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Եվ սա վաղուց է՝ գոնե առնվազն 10-12 տարի է, որ մեր կուսակցությունն այդպիսին է», - ընդգծել է նա:

«Կարող է սա ոմանց դուր գալ, կարող է դուր չգալ, բայց սա իրականությունն է։ Հետևաբար մենք մեր ծրագրերով հանդես գալուց բացի առաջին հերթի հենց մեր պարտականությունն է նոր սահմանադրական կարգավորումների շրջանակում նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան լավ ընտրությունների անցկացումը։ Մենք ամեն ինչ արել ենք մինչ այս պահը այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար և այսուհետ ևս պետք է շարունակենք նույն ոգով», - ասել է նախագահը։

Երբ ընթանում էին բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքացիական հասարակական ներկայացուցիչների հետ, ըստ Սերժ Սարգսյանի, չի եղել գրեթե մի կետ, որի շուրջ ՀՀԿ-ն չլիներ կառուցողական, «որտեղ մենք ողջամիտ զիջումների չգնայինք, որպեսզի ունենայինք քաղաքական համաձայնությամբ ընդունված ընտրական օրենսգիրք»։ «Սա աննախադեպ է ոչ միայն մեր երկրի համար, այլև ընդհանրապես պրակտիկայում։ Ուստի մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք մեր ներդրմանն այս գործում», - ասել է նախագահը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալուն, Սերժ Սարգսյանը նշել է. - «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանն ընտրապայքարին, դրական երևույթ եմ համարում»։

Նախագահը ծիծաղելի է որակել այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ից արտահոսք կա։ «Առավել քան ծիծաղելի է, ուղղակի զավեշտալի է այն փաստը, որ անում են մարդիկ, ուզում են ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա։ Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է։ Միայն վերջին մի քանի ամիսներին անդամագրվել են մեր կուսակցությանը 11 հազարից ավելի մարդ։ Ուզում եմ այս թեմային ես արձագանքել փոխաբերաբար: Գիտեք, մայր գետերը, լայն գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում և գնում են։ Բնության օրենքը սա է», - հայտարարել է Սերժ Սարգսյանը։

XS
SM
MD
LG