Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Որպես վկա դատակոչված ոստիկանների «չհիշելը չակերտավոր է»


Փաստաբան Գրիշա Բալասանյանը զրուցում է «Ազատության» հետ: 9֊ ը փետրվարի, 2017 թ․
Փաստաբան Գրիշա Բալասանյանը զրուցում է «Ազատության» հետ: 9֊ ը փետրվարի, 2017 թ․

Սարի թաղի գործով այսօրվա դատավարության ժամանակ դեպքի օրը տուժած ոստիկաններից Արմեն Մուսայելյանի ցուցմունքը զարմացրեց ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին։

Ոստիկանը հայտարարեց, թե հուլիսի 19-ին Սարի թաղում բնակիչները աղբարկղեր եւ անիվներ են այրել ու գլորել ոստիկանների վրա։

Մեղադրյալի աթոռին հայտնված սարիթաղցիների փաստաբանները, մինչդեռ, հայտարարում են որ քրեական այս գործով նման դրվագ չկա՝ պնդելով, որ սա ևս մեկ անգամ վկայում է այս գործի շինծու լինելու մասին։

Փաստաբան Գրիշա Բալասանյանը դատական նիստից հետո «Ազատությանն» ասաց, որ դեռևս ոչ մի ոստիկան դատարանում այդպես էլ չի նշել, թե արդյոք մեղադրյալներից գոնե մեկին հիշում է և տեսել է դեպքի վայրում բռնություն գործադրելիս․ - «Գլխավոր հարցը այն է, թե ումից են ստացել հարվածներ: Հնարավոր չի մեղադրանք առաջադրել մարդու՝ զուտ ենթադրությունով, որ հնարավոր է ինքն է հարվածել, որովհետև եղել է դեպքի վայրում: Հստակ ապացույցներ, հստակ փաստեր, որ նշված անձինք, այս դեպքում՝ մեղադրյալները, հարվածել են, սպառնացել են և այլն, կոնկրետ չկան»:

Կես տարի առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։ Ոստիկանությունը, իր հերթին, հայտարարում է, թե քաղաքացիները քարերով հարվածել են ոստիկաններին: Այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան։ Ընդ որում, նրանց մեծ մասն արդեն հարցաքննվել է դատարանում՝ պնդելով, թե մեղադրյալներին չեն ճանաչում։

«Լրագրողներին, նաև իրավապաշտպաններին քաջ հայտնի է, որ զանգվածային միջոցառումների ժամանակ լինում են նաև պրովոկատոր ոստիկաններ, ովքեր լինում են քաղաքացիական հագուստով: Չեմ բացառում, որ հնարավոր է նաև եղած լինեն ոստիկաններ: Որովհետև տուժող ոստիկաններից մեկը նշեց, որ մի խումբը նորմալ իրենց կենցաղային պահանջները առաջ էին քաշում, իսկ մյուս մասը հայհոյում էր և այլն, ագրեսիվ էր ավելի: Ընդ որում, ամբաստանյալներին, իր հիշելով, չտեսավ այդ ակտիվ զանգվածի մեջ», - ասաց փաստաբանը:

Այսօրվա դատական նիստին ոստիկան Արազի Թիրաբյանը պատմեց, թե այդ օրը ստիպված է եղել գործի դնել ատրճանակը․ օդ է կրակել՝ հանգստացնելու, իր բնորոշմամբ, ամբոխին։ Նա, սակայն չհիշեց, թե ումից է կրակելու հրահանգ ստացել։

Գրիշա Բալասանյանը աբսուրդ է համարում ոստիկանների հիշողության կորուստը կարևոր դրվագների վերաբերյալ․ - «Ոստիկանների ցուցմունքները, որոնք չգիտես ինչու ո՛չ հիշում են իրենց գործընկերներին, ո՛չ կոնկրետ դրվագներ․․․ Այդ դեպքում իմ մոտ խորը հիասթափություն է, նաև մտավախություն, որ հասարակական կարգը վստահվում է այնպիսի մարդկանց, ովքեր հիշողություն չունեն: Ես չեմ պատկերացնում, որպես քաղաքացի ապրելով այս երկրում, ոնց եմ իմ կյանքը, իմ անվտանգությունը վստահելու ոստիկաններին, ովքեր չեն հիշում, թե տասը րոպե առաջ ինչ է եղել: Պարզ է, որ չհիշելը չակերտավոր է: Շատ լավ էլ հիշում են, պարզապես իրենց հրահանգված է, ներքին կարգով թեկուզ, որ այդ օրը չհիշեն»:

Սարիթաղցիների փաստաբաններն ասում են, թե իրենց պաշտպանյալները մեղադրվում են առանց ապացույցների, բացառապես դեպքի վերաբերյալ գոյություն ունեցող տեսագրությունում երևալու համար։ Տեսագրությունում, սակայն, չի երևում, թե նրանք քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյան․ - «Եթե չկա կոնկրետ մեղադրանք, փաստական տվյալ, թե կոնկրետ անձը ինչպիսի գործողություն է կատարել, հետևապես չպետք է լիներ մեղադրանք: Դրա համար ես գտնում եմ, որ նախաքննություն ըստ էության չի էլ կատարվել, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն չի իրականացվել»:

Հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին է։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում սարիթաղցի չորս տղամարդկանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։ Սարի թաղի գործով ընդհանուր առմամբ մեղադրվում է 10 անձ:

XS
SM
MD
LG