Մատչելիության հղումներ

Սարիթաղցիների գործով տուժող ոստիկանը մեկ ժամից ավելի հարցաքննվեց


Այսօր Էրեբունու դատարանում շարունակվեց սարիթաղցիների գործով քննությունը։ Տուժող ոստիկան Հովսեփ Հովսեփյանը մեկ ժամից ավելի հարցաքննվեց։

Հովսեփյանն իրադարձության մանրամասները չէր հիշում, միայն պնդում էր, որ ոստիկանության Պարեկապահակային գնդի գրավման օրերին Սարի թաղում բնակիչներից մեկը քարով ոտքին է հարվածել, որից հետո իրեն հիվանդանոց են տեղափոխել։ Ոստիկանը նշում էր, որ սարիթաղցիներն այդ օրը իրենց օրինական պահանջներին չէին ենթարկվում, խփում էին ու հայհոյում, իսկ ոստիկանները միայն պաշտպանվում էին։ Ըստ Հովսեփյանի բախման պատճառն այն էր, որ սարիթաղցիները ցանկանում էին ոստիկանական պատը ճեղքել ու գնալ գնդի տարածք, իրենք էլ քաղաքացիներին բացատրում էին, որ դա անվտանգ չէ։

«Ես հասկացել եմ միայն այն, որ փորձել են անցնել ճանապարհը, որ մեր օրինական պահանջը չեն կատարել, և մենք՝ ոստիկաններով, դեմը կանգնած ենք եղել, ասել ենք՝ չի կարելի», - պատմեց ոստիկանը:

Բախումից հետո ինը սարիթաղցի էր ձերբակալվել, ովքեր արդեն հինգ ամիս է՝ ճաղերի ետևում են։ Ամբաստանյալների պնդմամբ հուլիսի 19-ին իրենք փողոց էին դուրս եկել կենցաղային պահանջներով, քանի որ այդ օրերին անջատված էր ջրամատակարարումը, գազամատակարարումը, հասարակական տրանսպորտը չէր աշխատում:

Ոստիկան Հովսեփ Հովսեփյանի խոսքով սարիթաղցիների այս պահանջներն ինքը չի լսել։ Դատարանում հնչած հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ հայհոյանքները լսել է, պահանջները ոչ՝ ոստիկանը պատասխանեց․ - «Պահանջները լսելի չէին, բայց հայհոյանքը լսելի էր: Կան բառեր, որոնք լսելի չի եղել, բայց հայհոյանքը լսելի եղել է»:

Ամբաստանյալներից մեկի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի տուժողի նախաքննական ցուցմունքները հրապարակվեն. պնդեց՝ նախնական ցուցմունքներն ու դատարանում ասածը իրարից տարբերվում են: Հովսեփյանը մի դեպքում նշում է, որ ոստիկանները կրակել են ամբոխին հանդարտեցնելու նպատակով, մյուս դեպքում կրակոցների մասին լռում, վստահ չէ՝ արդյո՞ք սարիթաղցիները ձեռքերով ու ոտքերով էլ են հարվածել ոստիկաններին, թե ոչ։ Ոստիկանը հայտարարեց՝ տեսագրությունը դիտելուց հետո է նոր մանրամասներ է հիշել։

Հաջորդ դատական նիստը հունվարի 23-ին տեղի կունենա։ Ձերբակալված սարիթաղցիների հարազատները նիստից այսօր հիասթափված դուրս եկան։ Ասում էին՝ նոր տարում էլ շարունակելու են իրենց ցույցերը նախագահի նստավայրի ու կառավարության դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG