Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) 9-րդ հերթական համագումարը։ Այդ օրը համագործակցող ուժերի միջև տեղի է ունենալու նաև հուշագրի ստորագրում, որի հիման վրա էլ կստեղծվի «Ծառուկյան դաշինք»-ը:

«Հայոց համազգային շարժում»-ը (ՀՀՇ) վարչության նիստում որոշում է կայացրել միանալ «Ծառուկյան դաշինք»-ին։ ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, չի մասնակցել այդ նիստին։

«Ազատության» հարցին, թե ո՞րն էր պատճառը, Արզումանյանը պատասխանեց. - «Որոշ ժամանակ առաջ արդեն ներկայացրել եմ իմ դիմումը՝ վայր դնելով իմ լիազորությունը որպես ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, և նաև հաշվի առնելով, որ որոշում էի կայացրել չմասնակցել ընտրություններին, նպատակահարմար չեմ գտնում խանգարել կուսակցությանն այս կամ այն որոշում կայացնելու հարցում»։

Նախկին արտգործնախարարը նշեց, որ ինքը կողմնակից է գաղափարական հենքի վրա դաշինքներ ստեղծելուն, իսկ այս պահին, ըստ Արզումանյանի, նման գաղափարական որևէ դաշինք չի երևում։ «Այս անցումային փուլում հավանաբար այդպես էլ պետք է լիներ՝ բավականին տարաբնույթ դաշինքներ են ձևավորվում։ Ճիշտն ասած, վաղուց եմ մտորում կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին, և ընդհանրապես, հաշվի առնելով, որ գաղափարական հենքի վրա որևէ առաջխաղացում չեղավ, ես նպատակահարմար գտա քննարկումներին, բանակցություններին, ինչպես կոչենք՝ չգիտեմ... ես կողմնակից եմ գաղափարական հենքի վրա դաշինքներ ստեղծելուն, այս պահին նման գաղափարական որևէ դաշինք չի երևում, թերևս «Ազատ դեմոկրատներն» են գործում նույն դաշտում, ինչը և ՀՀՇ-ն, և ոնց որ նման ցուցակ նախապատրաստում են «Ազատություն» կուսակցության հետ, «Ժառանգության» նախկին ակտիվ անդամների հետ, դա թերևս այսօր միակ գաղափարական կարելի է անվանել՝ չհաշված ՀՀԿ-ն, երևի», - ասաց Արզումանյանը։

Հարցին, թե հիմքում ի՞նչը հոգեհարազատ չէր, ո՞ր գաղափարներն են, որ չէր կիսում, ՀՀՇ նախկին անդամը պատասխանեց. - «Ես չեմ ուզում ծանրանամ... չգիտեմ, ինձ թվում է՝ հիմա ժամանակավրեպ է խոսել, նախ պետք է տեսնենք ծրագրերը՝ մարդիկ պետք է առաջարկեն ծրագիր, թե ինչպես են տեսնում Հայաստանի տնտեսական զարգացումը, ինչ պատկերացում ունեն Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, ինչպես են պատկերացնում մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության հետ և այլն։ Դաշինքներում, որտեղ չկա միասնական մոտեցում... ես դժվար եմ պատկերացնում հնչակյան, ռամկավարական և տարբեր՝ սոցիալիստական և այլ ազգայնական ուժերի և լիբերալ ուժերի միասնական հանդես գալը, դա մոտեցման խնդիր է», - ասաց Արզումանյանը՝ շարունակելով. - «Ես մշտապես ասել եմ, որ ուզում եմ իմ համախոհների հետ աշխատել։ Հիմա նայեք Օսկանյան-Օհանյան դաշինքը «Համախմբման» շուրջ, այնտեղ շատ իրար հակադիր քաղաքական գործիչներ կան՝ այնտեղ կան ընդգծված եվրոպական արժեքների, համամարդկային արժեքներ դավանող Պարույր Հայրիկյան և լրիվ պրոռուսական մոտեցումներ՝ Արամ Սարգսյան, այնտեղ կան մարդիկ, որոնք, չգիտեմ, էպիլյատորներ բաժանելով հիմա միանում են Վարդան Օսկանյանի նման արևմտամետ քաղաքական գործչին, և այլն: Ես չեմ պատկերացնում այդ համադրությունը, մեկտեղումը՝ նման մոտեցումների, դա, ի վերջո, պառակտման է տանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG