Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ լքել է ՀՀՇ կուսակցությունը, որը անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով:

«Կուսակցությունից դուրս գալը կապված չէ կոնկրետ դաշինքին միանալու հետ: Դա հասունացած որոշում էր: Ես, ճիշտն ասած, վաղուց եմ մտորում կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին, և հաշվի առնելով, որ գաղափարական հենքի վրա որևէ առաջխաղացում չեղավ, ես նպատակահարմար գտա չմասնակցել այս քննարկումներին, բանակցություններին», - նշեց պատգամավորը:

Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Արզումանյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ կարո՞ղ ենք իրեն տեսնել այլ քաղաքական ուժի ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում:

«Այս պահի դրությամբ որևէ հնարավորություն չեմ տեսնում: Հիմա՝ ինչպե՞ս կդասավորվի դեռևս իրենց չհռչակած լիբերալ դաշտի մյուս ներկայացուցիչների մոտեցումները, դեռ ժամանակ կա՝ կապրենք, կտեսնենք: Բայց այսօր այն դաշինքները, որոնք հայտարարել են, որ մասնակցում են, և, անշուշտ, իշխանությունները՝ դա բացառվում է», - ընդգծել Արզումանյանը:

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ալեքսանդր Արզումանյանի՝ կուսակցությունը լքելու մասին դիմումը ստացել են մոտ երկու օր առաջ:

Մանրամասները՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում՝ ժամը 20:00-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG