Մատչելիության հղումներ

Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը. ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 3-ին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, հացադուլ և ջրադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները:

Ըստ օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության, այսօրվա այցելության ընթացքում պարզվել է, որ Ներսես Պողոսյանը նույն օրը դիմում է ներկայացրել հացադուլի և ջրադուլի դադարեցման վերաբերյալ: Վերջինս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թիվ 2 հիվանդասենյակում՝ մեկուսի:

«Առանձնազրույցի ընթացքում Պողոսյանը նշել է, որ դադարեցրել է ջրադուլը և հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Պողոսյանը Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից և ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն», - ասված է հաղորդագրությունում:

Ներսես Պողոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-ից 8 տարվա ազատազրկում։

Հացադուլի և ջրադուլի միջոցով Պողոսյանը պահանջում էր ազատել իրեն կալանքից՝ կնոջն ու անչափահաս երեխաների հոգսերը հոգալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG