Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված և Նուբարաշենի բանտում արդեն կես տարի անցկացրած Ներսես Պողոսյանի փաստաբանն ահազանգում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է:

Պողոսյանը արդեն7-րդ օրը հացադուլ և 4-րդ օրը ջրադուլ է հայտարարել: Փաստաբան Արայիկ Պապիկյանն ուշ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցից հետո «Ազատությանը» պատմեց, որ Պողոսյանը, չնայած իր ծանր վիճակին, մտադիր չէ հրաժարվել պայքարի այս տարբերակից:

Պապիկյանի խոսքով իր պաշտպանյալը հրաժարվել է բուժօգնությունից, և անգամ բժիշկներին չի հաջողվում համոզել նրան:

«Կասկածում եմ, որ նա այդ վիճակով մի օր կդիմանա: Շատ ծանր էր շնչում: Ես նրան ասացի, որ մի գանգատ մենք Վճռաբեկ դատարանում ունենք, մի գանգատ Վերաքննիչում, և առաջիկա օրերին պատրաստվում ենք դիմել Եվրոպական դատարան, ու քանի որ նա դիմում է գրել Վերաքննիչի նիստերին մասնակցելու` ինչպե՞ս քեզ պետք է բերեն, պատգարակո՞վ», - պատմեց Պապիկյանը:

Պաշտպանը նշեց, որ վաղն առավոտյան կրկին այցելելու է Ներսես Պողոսյանին:

Ներսես Պողոսյանը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Բողոքի այս ակցիաների միջոցով Պողոսյանը պահանջում է ազատել իրեն կալանքից՝ կնոջն ու անչափահաս երեխաների հոգսերը հոգալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG