Մատչելիության հղումներ

ՀՀԿ խորհրդի՝ երեկ կայացած նիստում, դիմելով իր կուսակիցներին, իշխող ուժի առաջնորդը նաև հայտարարեց՝ «նեղացածներ չպետք է լինեն, ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցներ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը թեև կարևորում է Սահմանադրական փոփոխությունների միջոցով քաղաքական դաշտի կայացման գործընթացն ու նախընտրական դաշինքների ձևավորումը, բայց և այնպես, չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ով այս օրերին «Ծառուկյան դաշինք»-ի միջոցով փորձում է լայն կոնսոլիդացիա ձևավորել իր շուրջ:

2015-ի փետրվարին Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և նրան «քաղաքական չարիք» անվանելուց մոտ 2 տարի անց, Սերժ Սարգսյանը երեկ՝ Հանրապետականի խորհրդի նիստում կարծես փորձեց ցույց տալ, թե իր դիրքորշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը»,- իր ելույթում ընդգծեց ՀՀԿ առաջնորդը:

Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու թեմային անդրադառնալուց բացի, Սարգսյանը երեկ մեկ այլ ուշագրավ շեշտադրում էլ արեց: Խոսելով ՀՀԿ-ից ու առհասարակ՝ իշխանական համակարգից հեռացողների մասին, Սերժ Սարգսյանը նախ ծիծաղելի որակեց պնդումները, թե Հանրապետականից արտահոսք է սկսվել, վստահեցնելով, որ միայն վերջին մի քանի ամսիների ընթացքում իր ղեկավարած ուժին անդամագրվել է 11 հազարից ավելի մարդ, ապա այլաբանորեն նախազգուշացրեց՝ նրանք ովքեր հեռանում են, ապագա չեն ունենալու: Այդ հայտարարությունն, ի դեպ, ոգևորեց որոշ հանրապետականների, որոնք ծափերով ողջունեցին իրենց ղեկավարի խոսքը:

«Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում: Սա է բնության օրենքը»,- պատկերավորեց Սարգսյանը:

Վերջին շրջանում իշխանական համակարգից նախ հեռացավ պաշտպանության այլևս նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով արմատական դիրքերից այսօր քննադատում է իշխանություններին, ընդգծելով, որ եթե «արատավոր համակարգը» չփոխվի, ապա «արյունոտ հեղափոխությունների վտանգը» մեծանալու է: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սեյրան Օհանյանը նեղացած է հեռացել Սերժ Սարգսյանից՝ իրեն նախարարի պաշտոնից հեռացնելու և Վիգեն Սարգսյանով փոխարինելու պատճառով:

Նույն հրապարակումների համաձայն, Սերժ Սարգսյանից նեղացել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահմայնը, ով իշխող կուսակցության մեջ մոտ 2 տասնամյակ առանցքային դերակատարություն ունենալուց հետո հեռացավ այդ ուժից, հասկանալով, որ ապագայում զրկված է լինելու բարձր պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:

Ուշագրավ է նաև Սերժ Սարգսյանի ընդգծումը, թե «իրենց ծրագրերից կախված են որոշում»՝ ով պետք է լինի խորհրդանում, ով՝ կառավարությունում: Սարգսյանն այնուհետև ազդարարում է՝ «Նեղացածներ չպետք է լինեն: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG