Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. Հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ


Իշխող Հանրապետականը լքած Հովիկ Աբրահամյանը չի պարզաբանում՝ ինչու՞ է նման որոշում կայացրել, սակայն վստահեցնում է՝ շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Մոտ երկու ժամ առաջ նախկին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում նշված է․ - «Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ:

Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել: Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային»:

Ուշագրավ են Աբրահամյանի հատկապես հետևյալ խոսքերը, որոնք հայտարարության վերջաբանն են․ - «Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ: Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի»:

Այն, որ Հովիկ Աբրահամյանը խոստովանում է՝ ՀՀԿ-ն թողնելու որոշումը իր համար դժվար էր, սակայն չի ներկայացնում պատճառները, հարցի միայն մի կողմն է: Նախկին բարձրաստիճան հանրապետականը նաև չի հստակեցնում՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ ինչպե՞ս է շարունակելու զբաղվել ակտիվ քաղաքականությամբ՝ անդամակցելո՞ւ է որևէ այլ կուսակցության կամ նախընտրական դաշինքի, հիմնելո՞ւ է նոր կուսակցություն:

Այսօր Հովիկ Աբրահամյանի հետ կապվել չհաջողվեց:

Լրատվամիջոցները բազմիցս են գրել խնամիներ Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի քաղաքական կապերի մասին: Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը «Ազատության» հետ զրույցում ըստ էության չհերքեց, որ երեկ կայացել է Ծառուկյան-Աբրահամյան հանդիպում:

«Նման հանդիպման մասին ես ինքս տեղեկացել եմ լրատվամիջոցներից, կարող եմ միայն ասել, որ ես նման հանդիպման մասին տեղեկատվություն չունեմ, չեմ տիրապետում», - նշեց նա:

«Լրատվամիջոցները նշում են նաև, թե չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը տեղ ունենա «Ծառուկյան դաշինքում», ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ», - «Ազատության» այս հարցին Իվետա Տոնոյանը պատասխանեց. - «Գիտեք` «Ծառուկյան դաշինքում» ընդգրկվել ցանկացող կուսակցությունների, անհատների հետ քննարկումները իրականացնում է անձամբ Գագիկ Ծառուկյանը, և թե ովքեր ընդգրկված կլինեն այդ դաշինքում` այդ մասին ևս հայտարարությամբ հանդես գալու իրավունքը բացառապես Գագիկ Ծառուկյանինն է: Քանի որ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են, ես որևէ պաշտոնական բան չեմ կարող հաղորդել»:

Այսօր 18:00-ի դրությամբ Հանրապետական կուսակցությունը դեռ չէր ստացել ՀՀԿ-ից հեռանալու` Հովիկ Աբրահամյանի դիմումը: Կուսակցության Գործադիր մարմնի անդամները «Ազատության» հետ զրույցում հրաժարվեցին արձագանքել Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը՝ նշելով, որ քննարկման մեջ են և կարծիք կհայտնեն դրա ավարտից հետո:

Հայ ազգային կոնգրեսից չցանկացան մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG