Մատչելիության հղումներ

Օհանյան․ Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը և ժողովրդի հուսալքությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել


Սեյրան Օհանյան, արխիվ
Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարար, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե պատասխանատվություն կրելով իրեն վստահված ոլորտի, բանակի խնդիրների և զինծառայողների համար «ի պաշտոնե իրավասու չի եղել և չէր կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը»։

«Զինված ուժերում իմ ծառայության տարիները մի ժամանակահատված է, որը չես կարող ամբողջացնել մի հայացքով կամ ներկայացնել մի քանի բառով: Այն կարելի է բաժանել ամիսների, շաբաթների, օրերի ու ժամերի... Եվ այդ բաժանումներից յուրաքանչյուրը կունենա իր հաջողությունը, ձեռքբերումն ու բացթողումը, իր աշխատանքային ջանքն ու նյարդը, իր խիզախումը: Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։

Այսօր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակը դարձել է երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, իսկ այն ամուր թիկունքի կարիք ունի։ Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։ Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը»,- մասնավորապես, նշված է Օհանյանի տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG