Մատչելիության հղումներ

Հոսպիտալի պետին մեղադրանք է առաջադրվել


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ե. Հովհաննիսյանին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը, փոխանցում է ՔԿ-ն։

«2015թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23:15-ին, ավտոպատահարից անմիջապես հետո, «Գանգուղեղային փակ տրավմա, աջ ականջախեցու աջակողմյան պնևմոթորաքս, տրավմատիկ շոկ, վիճակը ծանր» ախտորոշմամբ Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Ս. Գասպարյանը և ենթարկվել կլինիկական, գործիքային հետազոտությունների։

Նախնական քննության ընթացքում ձեռնարկված բազմաթիվ քննչական գործողությունների, նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հոսպիտալում իրականացված հետազոտությունների արդյունքում անամնեստիկ տվյալների և հիվանդի օբյեկտիվ վիճակի համակցությունը պարունակել է բավարար ցուցումներ որովայնահատման իրականացման համար, սակայն, նշված պայմաններում Ե.Հովհաննիսյանը ճիշտ չի գնահատել Ս. Գասպարյանի օբյեկտիվ վիճակը, պատշաճ կերպով չի իրականացրել անհրաժեշտ բուժական-ախտորոշիչ միջոցառումները, ժամանակին չի կազմակերպել վիրահատական միջամտությունը՝ որովայնահատում, պատռվածքների կարում, փայծաղի հեռացում, որը հնարավորություն կտար կանխելու շոկային վիճակի ծանրագույն հետևանքները։

Տուժողը հաջորդ օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ թեև ենթարկվել է որովայնահատման՝ պայմանավորված ներքին արյունահոսության դադարեցմամբ, սակայն, ժամանակին չկանխված տրավմատիկ, արյունահոսական շոկի երևույթների խորացումը հանգեցրել են ներքին օրգանների անդառնալի փոփոխությունների, ի վերջո՝ զարգացող բազմաօրգանային անբավարարությանը, որի հետևանքով Ս. Գասպարյանը 2015թ. սեպտեմբերի 11-ին մահացել է:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ե. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրոթւյան մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG