Ընտրյալ նախագահի խորհրդականների խոսքով, երդմնակալությունից հետո՝ առաջին ելույթում, Դոնալդ Թրամփը կներկայացնի երկրի զարգացման իր տեսլականը, կպատմի՝ ինչ է անելու «Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար»:
Հաղորդվում է, որ Թրամփն անձամբ է հեղինակել ելույթը, որը կշարունակվի մոտ 30 րոպե:
Փոխնախագահ Փենսի երդմնակալությունից առաջ ելույթ է ունենում սենատոր դեմոկրատ Չաք Շումերը՝ընդգծելով ամերիկյան արժեքներին հավատարիմ մնալու, միասնական լինելու կարևորությունը:
«Մենք կրկին իշխանության խաղաղ փոխանցման ականատես ենք, և ամեն օր պայքարելու ենք մեր Սահմանադրության հիմնարար սկզբունքների և այն արժաքների համար, որ Ամերիկան դարձնում են Ամերիկա»,-հայտարարեց նա:
Մեկնարկեց ԱՄՆ փոխնախագահի երդմնակալությունը, Մայք Փենսը, ավանդույթի համաձայն, խոստացավ ամեն ինչ անել՝ իր պարտականությունները իրականացնելու, Ամերիկայի Սահմանադրությունը պաշտպանելու համար:
Րոպեներ առաջ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդվեց՝պաշտոնապես ստանձնելով պաշտոնը:
Ձախ ձեռքը դնելով Ավետարանի վրա, որով երդվել էր դեռ Աբրահամ Լինքոլնը, Թրամփը արտասանեց՝ «Ես հանդիսավորությամբ երդվում եմ, որ հավատարմորեն իրականացնելու եմ Նախագահի պարտականությունները և իմ ամբողջ կարողություններով լավագույնս պահպանելու եմ, նեցուկ եմ կանգնելու և պաշտպանելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:
Երդմնակալությունից հետո՝ առաջին ելույթում, Դոնալդ Թրամփը երախտագիտություն հայտնեց երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային ու նրա տիկնոջը՝երկրին մատուցած ծառայությունների համար:
Երդմնակալությունից հետո Թրամփը հայտարարեց՝ այսօր առանձնահատուկ օր է, քանի որ Ամերիկայում իշխանության փոխանցում է տեղի ունենում ոչ միայն Օբամայի վարչակազմից՝իրեն, այլև քաղաքական էլիտայից՝ ժողովրդին: «Վաշինգտոնը բաչգավաճում էր, մինչդեռ ժողովուրդն այդ հարստությունը չէր կիսում, քաղաքական գործիչները հարստանում էին, մինչ ավելանում էր գործազրկությունը, գործարաններ էին փակվում, քաղաքական վարչակազմը զբաղված էր ինքն իրեն, ոչ թե մեր երկրի քաղաքացիներին պաշտպանելով»:
«Նրանց հաղթանակները ձերը չեն եղել, և մինչ նրանք տոնել են մայրաքաղաքում, երկրի՝տանջվող անկյուններում տոնելու քիչ բան է եղել: Փոփոխությունը սկսվում է հենց հիմա, և սա Ձեր տոնն է, սա Ձեր երկիրն է»,-առաջին ելույթում հայտարարեց ԱՄՆ 45-րդ նախագահը՝հավելելով՝ հունվարի 20-ը դառնալու է մի օր, երբ ժողովուրդը կրկին դարձավ իշխող Ամերիկայում:
«Ամերիկայի մոռացված կանայք ու տղամարդիկ՝հիմա յուրաքանչյուր ոք լսում է Ձեզ»,-հավաստիացրեց Թրամփը:
Անդրանիկ ելույթում Դոնալդ Թրամփը նախևառաջ միասնության կոչ արեց՝ հայտարարելով . «Մենք մեկ ազգ ենք, նրանց ցավը մեր ցավն է, նրանց երազանքը մերն է, հաջողությունը՝ևս, մենք միասնական ենք՝միևնույն ճակատագրով»:
Այնուհետ, դիմելով իր երկրի քաղաքացիներին ու աշխարհին, հայտարարեց՝այսուհետ Ամերիկան փոխում է իր ռազմավարությունը. «Տասնամյակներ շարունակ մենք հարստացրել ենք օտար արդյունաբերողներին՝ հարվածելով մեր գործարարներին, պաշտպանել ենք օտար երկրներ՝մոռանալով մեր սհամանների մասին: Տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել արտասահամանում, երբ Ամերիկայի ենթակառուցվածքները քանդվում են: Օտար երկրներ ենք հարստացրել,մինչ մեր երկրի հարստությունը, ինքնավստահությունը թուլացել է: Մեկ առ մեկ մեր գործարանները քայքայլվել կամ դուրս են եկել երկրից, Ամերիկայի միջին խավի հարստությունը հոսել է այլ երկրներ: Սակայն, այդ ամենը անցյալում է, այսօր մենք նայում ենք միայն ու միայն ապագային»:
Թրամփը կրկնեց իր նախընտրական խոստումը՝ Առաջին հերթին Ամերիկան, հայտարարեց, որ իր բոլոր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումները կայացնելիս այդ կարգախոսով է առաջնորդվելու:
«Ես կպայքարեմ հանուն ձեզ իմ ամբողջ ուժով, և երբեք, երբք չեմ լքի: Ամերիկան կրկին կսկսի հաղթանակել, մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը, մեր սահմանները, մեր հարստությունն ու մեր երազանքները: Մենք կկառուցենք նոր ճանապարհներ, նոր մայրուղիներ ու կամուրջներ, օդանավակայաններ, թունելներ ու երկաթգծեր՝ ողջ երկրով մեկ: Մենք կհետևենք երկու պարզ սկզբունքի՝ գնիր ամերիկյանն ու աշխատանքի վերցրու ամերիկացուն»,-հայտարարեց նա:
«Մենք այլևս չենք հանդուրժի քաղաքական գործիչների, որոնք միայն դժգոհում են, սակայն ոչինչ չեն անում: Եկել է գործողությունների ժամանակը, ավարտվել է դատարկ խոսակցությունների ժամանակը»,-հայտարարեց Թրամփը՝խոստանալով՝Ամերիկան կրկին սկսելու է բարգավաճել:
Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ Թրամփը հայտարարեց, թե Նահանգներն այլևս չի փորձելու իր կենսակերպը թելադրել այլ ժողովուրդների:
«Մենք բարեկամության կձգտենք ուրիշ ազգերի հետ, կհզորացնենք հին դաշինքները և կկազմենք նոր դաշինքներ: Մենք չենք ձգտի ուրիշներին պարտադրել մեր կամքը, փոխարենը կփայլենք և դրանով օրինակ կլինենք ուրիշների համար»,-հայտարարեց նա՝ կրկնելով իր կոշտ դիրքորոշումը ծայրահեղական իսլամի նկատմամբ:
«Մենք աշխարհի երեսից կջնջենք արմատական իսլամական ահաբեկչությունը»,-խոստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: