Մատչելիության հղումներ

Բաքվում հակադարձում են Լավրովի հայտարարություններին


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

Պաշտոնական Բաքուն հակադարձում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: «Համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ի պատասխան ռուսաստանցի պաշտոնակցի հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»:

Նախօրեին՝ Լավրովի մոսկովյան ասուլիսից անմիջապես հետո APA լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շտապել է հայտարարել, թե Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը, սակայն «ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հարևան պետություն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի հակամարտության շուտափույթ կարգավորման համար»:

Սերգեյ Լավրովը երեկ հայտարարում էր նաև, որ «Ռուսաստանը վճռական դեր է խաղացել անցյալ տարվա ապրիլին արյունահեղությունը դադարեցնելու գործում»:

Էլմար Մամեդյարովը, սակայն, համոզված է, որ եթե Ռուսաստանն իսկապես լրջորեն զբաղվի ղարաբաղյան հարցով, ապա «տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը, կապահովվի հայկական զորքերի դուրսբերումը, կփոխվի ստատուս քվոն»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին կարգավիճակի տրամադրման հարցին, որի մասին խոսել էր նաև ռուսաստանցի նախարարը, Մամեդյարովը մեջբերել է նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող, բայց փոխզիջում կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման հարցում՝ որպես ինքնավար հանրապետություն:

Հիշեցնենք՝ երեկ Լավրովը առաջին անգամ հայտարարել է, թե «օկուպացված տարածքներն ազատելու պահանջը պահպանում է ուժը, սակայն ոչ մի դեպքում՝ ուժի միջոցով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում»:

Հարցազրույցում, որի տեքստը հրապարակված է Ադրբեջանի արտգործնախարարության կայքէջում, Մամեդյարովը անդրադարձել է նաև Բելառուսի մայրաքաղաքում Բաքվի պահանջով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման խնդրին, մասնավորապես՝ մեկնաբանել Լավրովի հայտարարությունը, որ Մոսկվան դեմ է որևէ երկրում ձերբակալված ռուսաստանցիների արտահանձնմանը երրորդ երկրին:

Այդ հարցը քննարկվում է բացառապես իրավական հարթության մեջ, հայտարարել է ադրբեջանցի նախարարը՝ հավելելով․ - «Ռուսաստանի նկատմամբ նման գործողություններ կատարած և անօրինական կերպով նրա պետական սահմանը հատած անձի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինները նույնպիսի քայլեր կձեռնարկեին»:

Երեկ ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին պատասխանելով Լավրովը հարուցել է Ադրբեջանի ոչ միայն պաշտոնական, այլ նաև փորձագիտական շրջանակների զայրույթը: Վրդովված է նաև մամուլը․ «Ռուսական դիվանագիտություն՝ հայկական շեշտադրումներով», «Պարոն սկանդալը», - այս ու այլ վերնագրերի ներքո ադրբեջանցի վերլուծաբանները Կրեմլին հիշեցնում են Ղրիմի բռնակցումից մինչև Հալեպի ռմբակոծում:

«Ռուսական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները տրամաբանորեն տեղավորվում են Մոսկվայի քաղաքականության մեջ: Մոռացկոտներին և միամիտներին հիշեցնենք՝ Մոսկվան բավական երկիմաստ կերպով խրախուսել է Ղարաբաղի հարցում հայկական մղումները դեռևս այն ժամանակ, երբ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը եղել են ԽՍՀՄ կազմում», - ամփոփում է ադրբեջանական «Մինվալ» պարբերականի վերլուծաբանը:

XS
SM
MD
LG