Մատչելիության հղումներ

Քաղաքագետը դրական է գնահատում Ղարաբաղի հարցով Լավրովի հայտարարությունները


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է համարում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի մասին:

Լավրովը, հիշեցնենք, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան մասնավորապես ասել էր․ - «Օկուպացված տարածքներն ազատելու [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի] պահանջը պահպանում է ուժը, սակայն ոչ մի դեպքում՝ ուժի միջոցով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում»։

«Լավրովը ասեց, որ, առաջինը՝ պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, երկրորդը՝ որ, այո, Ղարաբաղի կարգավիճակը երբ որ ֆիքսվի: Ինձ համար ակնհայտ է՝ ինչի համար ինքը դա ասեց», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգորյանը՝ պարզաբանելով․ - «Ռուսաստանում շատ ուշադիր հետևում են այն տրամադրություններին, որոնք կան Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում, ու շատ դրական է, որ Հայաստանում բավական քննադատաբար են մոտենում Ռուսաստանի քաղաքականությանը նաև այդ թվում Ղարաբաղի հարցում: Ու հենց այս ձևի մեսիջները՝ ուղարկված Ռուսաստանի կողմից, Լավրովի կողմից, հենց ուղղված են Հայաստանի հասարակությանը»:

Քաղաքագետը կարևորում է Լավրովի այն խոսքերը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ»։ Դրա վերաբերյալ «որոշումների մի ամբողջ հավաքածու» գոյություն ունի, ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ անցյալ տարվա ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորին տագնապ են հարուցում, և որ «Ռուսաստանը վճռական դեր խաղաց այդ պահին արյունահեղությունը դադարեցնելու գործում»:

«Պետք է ճիշտը ասենք, որ իրոք Ռուսաստանի դերակատարությունը շատ մեծ է, Ռուսաստանը մոտ է գտնվում մեր տարածաշրջանին, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները շատ ու շատ ավելի հեռու են գտնվում, Եվրոպան էլ բավական հեռու է գտնվում, ակնհայտ է, որ, ոչ ոք չի վիճարկում, որ Ռուսաստանի դերը փոքր չի», - ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ դիրքորոշումը համընկնում է նաև միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման հարցում։

Լավրովը երեկվա ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ մեխանիզմների ներդրման և դիտորդների թվի ավելացման համաձայնությունները ձեռք են բերվել 2016 թվականի ապրիլին հակամարտության սրացումից հետո, և հավելել․ - «Ցավոք, նույնիսկ այդպիսի տարրական բանը <...> չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս կոնսենսուս չկա ԵԱՀԿ-ում»։

«Կարծես թե կոնսենսուս չկա: Հիմա, ես ճիշտը ասեմ, չգիտեմ՝ ինքը ո՞ւմ նկատի ունի․ Ադրբեջանի՞ն՝ մենք գիտենք, որ ռեալ Վիեննայի պայմանավորվածությունների տապալողը Ադրբեջանն է, թե՞ էլի կան խաղացողներ, օրինակ՝ միջնորդներից, ովքեր դրան դեմ են: Բայց ես կարծում եմ՝ ինքը որ ասում է կոնսենսուս չկա, նկատի ունի առաջին հերթին Ադրբեջանը, ու լավ կլիներ, պարզ է, եթե ինքը նաև նշեր՝ ովքեր են նրանք: Մենք գիտենք նվազագույնը՝ դա Ադրբեջանն է, որը, գիտեք, տապալում է Վիեննայի պայմանավորվածությունները», - ընդգծեց քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG