Լրատվամիջոցները հաղորդում են, որ Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունները նույնականացրել են այն ռուսաստանցիներին, ովքեր հաքերային հարձակումների արդյունքում իրենց տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակագրությունը փոխանցել են WikiLeaks կայքին` նպատակ ունենալով ազդել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքի վրա:
Reuters լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերոհիշյալ տվյալները հունվարի 5-ին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ հունվարի 6-ին դրանք կտրամադրի նաև ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին:
Այս նորությունը կարևոր է, քանի որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, թե այդ նամակագրությունը ռուսներից չի ստացել, իսկ Թրամփը, հղում անելով Ասանժի հայտարարությանը, պնդել է, որ Ռուսաստանը հաքերային սկանդալում ներգրավված չէ: