Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի ուղերձը մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով


Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ուղերձով:

«Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ: Այդ պահից ի վեր քաղաքակիրթ աշխարհը նորովի արժևորվեց մարդուն, նրա իրավունքներն ու ազատությունները: Այդ արժեքներն են, որ պետք է ընկած լինեն նաև ժամանակից հասարակությունների հիմքում՝ չճանաչելով քաղաքական, աշխարհագրական, ազգային կամ որևէ այլ սահման», - ասված է օմբուդսմենի ուղերձում:

«Անշրջելի է Հայաստանում մարդու իրավունքների խթանումն ու հետագա զարգացումը: Մեզանից յուրաքանչյուրն իր վրա պետք է զգա այդ զարգացման վերջնական արդյունքը: Իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ՝ իրական կյանքում սպառիչ իրացվող արժեք: Սա է, որ պետք է ամենօրյա սրտացավ աշխատանքով ապահովեն պետական բոլոր մարմիններն անխտիր: Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է: Սա է, որ պետք է կազմի պետական ցանկացած ծառայողի աշխատանքի առանցքը: Մեր երկրի Սահմաանդրությունն արդեն ապահովել է պետության այդ հիմնարար պարտականության բոլոր հիմքերը», - նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու դերը այս հիմնարար խնդիրը կյանքի կոչելու հարցում` ընդգծելով, որ այդ աշխատանքը չի կարող ցանկալի արդյունք ունենալ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և լրատվության միջոցների աջակցության:

«Միայն բոլորիս համատեղ ջանքերով ու հանրային բարձր պահանջի շնորհիվ կարող ենք ապահովել բարձր պատասխանատվություն ունեցող պետական համակարգ և հետևաբար՝ իրավունքների ողջ ծավալով իրականում օժտված քաղաքացիներ», - հավելել է օմբուդսմենը և շնորհավորանքներ հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG