Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
«Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն ապահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին», - ասված է հաղորդագրությունում:
ՍԱՊԾ-ն նշում է, որ ավելի քան 20 տնտեսվարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար։ «Բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ», - հաղորդում է ծառայությունը:
Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով, ըստ ՍԱՊԾ-ի, կասեցվել է 20 տնտեսվարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր։
«Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրնսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ,Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան,Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան,Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ», - փոխանցում է ծառայությունը՝ նշելով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:
«Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները», - ասված է հաղորդագրությունում: