Իլհամ Ալիևին համացանցում վիրավորելը այսուհետ Ադրբեջանում քրեորեն հետապնդելի հանցագործություն է: Երկրի խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը այսօր կողմ քվեարկեց գլխավոր դատախազի ներկայացրած աղմկահարույց այս օրինագծին, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով:
Վերջին երկու ամիսներին Ադրբեջանում բուռն քննարկումների տեղիք տված այս օրինագծի ընդդիմախոսները վստահ են, որ իշխանությունները լրատվական դաշտի տոտալ վերահսկողությունը այժմ էլ համացանցի վրա են տարածում: Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ՝ օրենքը հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև եվրոպական կառույցների առջև երկրի ստանձնած պարտավորություններին:
Մինչդեռ օրենքի ջատագովները վստահ են՝ Ալիևի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարողները ամեն գնով պետք է պատժվեն:
Ադրբեջանական Միլի մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Մալահաթ Իբրահիմ Քըզըն, ով անցած սեպտեմբերին անձամբ էր դիմել գործընկեր պատգամավորներին՝ խնդրելով սեղմ ժամկետներում վերահսկելի դարձնել ադրբեջանական համացանցը, մատնանշել է միջազգային փորձը՝ համոզմունք հայտնելով, թե աշխարհում չկա որևէ երկիր, որի ղեկավարին այնպես ստորացնեն, ինչպես դա անում են Ադրբեջանում:
«Ադրբեջանական համացանցում մեր պետության, պետականության և հարգարժան նախագահի մասին այնքան բացասական հոդվածներ են գրում, որ անգամ կարդալիս ամաչում ես: Ո՛չ մամուլի խորհուրդը, ո՛չ հեռուստառադիոընկերությունների խորհուրդը այս տարիների ընթացքում որևէ քայլ չձեռնարկեցին այդ երևույթները արմատախիլ անելու ուղղությամբ: Ժամանակն է լրացնենք այդ բացթողումը», - հայտարարում էր Մալահաթ Իբրահիմ Քըզըն:
Երկրի իշխող ընտանիքի անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած անձինք նախկինում էլ պատժվել են, սակայն, ինչպես ադրբեջանցի իրավապաշտպաններն են նշում, այլ հոդվածների օգնությամբ՝ թմրանյութերի պահման, օգտագործման, անկարգություններ հրահրելու և այլ մեղադրանքներով, ինչպես, օրինակ, Գիյաս Իբրահիմովի դեպքում․ Հեյդար Ալիևի արձանի վրա վիրավորական գրություններ թողած 22-ամյա ուսանողը վերջերս 10 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն ոչ թե արձանի գործով, այլ խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: