Մատչելիության հղումներ

Դատախազություն. Դատավորի կողմից կաշառք ստանալու գործն ուղարկվել է դատարան


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից կաշառք ստանալու գործն ուղարկվել է դատարան։

«Կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք պահանջելու և անձամբ ստանալու, իսկ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ փաստաբանի կողմից կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեղադրանքներով Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով Հայաստանի գլխավոր դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ, հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար փաստաբան Է. Զաքարյանի միջոցով պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 դոլար կաշառք:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ «դատավորի կողմից կաշառք ստանալը», կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ «կաշառքի միջնորդություն»: Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG