Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այսօր այցելել Սպիտակ տուն։
Ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո իր առաջին հրապարակային ելույթում Օբաման ասաց, որ հեռախոսով զանգահարել և շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ։
«Հիմա մենք բոլորս սատարելու ենք նրան՝ երկիրն առաջնորդելու և միավորելու համար», - ասել է Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նախագահ Օբաման, ով անցած նախընտրական պայքարում աջակցում էր դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։
Օբաման նշել է, որ իր աշխատակազմին հրահանգել է ապահովել իշխանության հարթ փոխանցումը և գործընթացը սկսելու նպատակով նոյեմբերի 10-ին Թրամփին հրավիրել է Սպիտակ տուն։
«Իշխանության խաղաղ փոխանցումը մեր ժողովրդավարության առանձնահատկություններից է, և հաջորդ ամիսներին մենք պատրաստվում ենք դա ցույց տալ աշխարհին», - ասել է Օբաման։
Բարաք Օբաման Սպիտակ տան բակում լրագրողների հետ խոսել է Հիլարի Քլինթոնի ելույթից քիչ անց։ Պարտված թեկնածուն իր աջակիցներին ավելի վաղ ասել էր, թե պարտավոր են Թրամփին վերաբերվել առանց նախապաշարումների և նրան առաջնորդելու շանս տալ։
Նշենք, որ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին։