Մատչելիության հղումներ

Թրամփ. Ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը


Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում:

Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում:

Դեմոկրատական մրցակիցը հեռախոսով շնորհավորել է հաղթողին:

Ամերիկյան պատմության վերջին տասնամյակների ամենալարված և դրամատիկ ընտրություններն ավարտվել են հանրապետական Դոնալդ Թրամփի համոզիչ հաղթանակով:

Նա Ընտրիչների կոլեգիայում վաստակել է 276 քվե, հաղթանակի համար անհրաժեշտ էր առնվազն 270, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ստացել է 218 քվե:

Ժամանելով իր նախընտրական կենտրոնակայան` Թրամփը ելույթ է ունեցել և շատ ջերմ ու հարգալից է արտահայտվել դոմոկրատական մրցակցի մասին:

«Հիլարին շատ երկար ժամանակահատվածում լարված աշխատել է, և մենք պարտավոր ենք երախտապարտ լինել մեր երկրին նրա մատուցած ծառայության համար, անկեղծ եմ դա ասում»,- Մանհեթենում իր աջակիցների հավաքում ասել է Ամերիկայի ընտրյալ նախագահը: - «Նա շնորհավորել է մեզ, սա մեր հաղթանակն է»,- ասել է Թրամփը, նշելով, որ Քլինթոնին և նրա ընտանիքին լավագույն մաղթանքներն է փոխանցել և ընդգծել, որ մրցակիցն արժանի և ծանր ընտրապայքար է վարել:

Ապա նորընտիր նախագահը կոչ է արել ամերիկացիներին միավորվել և հաղթահարել այս ընտրարշավի ընթացքում ի հայտ եկած տարաձայնությունները:

«Եկել է պառակտումներից առաջացած վերքերը բուժելու, համախմբվելու ժամանակը: Բոլոր հանրապետականներին, դեմոկրատականներին և անկախ դիրքորոշման մարդկանց ասում եմ՝ միավորվելու ժամանակն է, ես խոստանում եմ յուրաքանչյուր քաղաքացուն՝ ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը, սա շատ կարևոր է»,- ասել է Թրամփը:

Ընտրյալ նախագահը նաև ուղերձ է հղել համայն աշխահին, ասելով, որ միշտ առաջնահերթություն համարելով Ամերիկայի շահերը, ԱՄՆ-ը միաժամանակ արդար կլինի բոլոր ազգերի և պետությունների նկատմամբ:

«Մենք ձգտելու ենք ոչ թե առճակատման, այլ ընդհանուր շահերի, ոչ թե հակամարտության, այլ գործընկերության»,- ասել է ընտրյալ նախագահը:

Թրամփը և Քլինթոնը ընտրարշավի ընթացքում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականոության հարցերում տարբեր դիրքորոշումներ են արտահայտել: Քլինթոնը ասել է, որ շատ խիստ կլինի Մոսկվայի հանդեպ, մինչդեռ Թրամփը նշել է, որ կփորձի գտնել համաձայնության եզրեր հատկապես «Իսլամական պետության» դեմ պատերազմում:

Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի հունվարին

Ամերիկյան ընտրական համակարգի կանոնների համաձայն, նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքի պաշտոնական հաստատումը կլինի միայն գալիք տարվա հունվարին:

Իսկ այս տարվա դեկտեմբերի 19-ին Ընտրիչների կոլեգիան քվեարկություն կանցկացնի, արդյունքը կհրապարակվի 2017-ի հունվարի 6-ին:

Ապա` հունվարի 20-ին, տեղի կունենա ինագուրացիան՝ հանդիսավոր երդման արարողությունը, և հանրապետականներ Դոնալդ Թրամփն ու Ինդիանայի նահանգապետ Թիմ Քեյնը կստանձնեն նախագահի և փոխնախագահի պաշտոնները ու կփոխարինեն դեմոկրատականներ Բարաք Օբամային և Ջո Բայդենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG