Մատչելիության հղումներ

logo-print

Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ


Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպման ժամանակ, հոկտեմբեր, 2016թ․

Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպման ժամանակ, հոկտեմբեր, 2016թ․

Մեծահարուստ գործարար, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ՝ հաղթելով նոյեմբերի 8-ի ընտրություններում:

Քվեների հաշվարկի՝ այս պահի արդյունքներով, Թրամփն արդեն իսկ ապահովել է 276 ընտրիչների ձայները՝ պահանջվող 270-ի փոխարեն, Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը կստանա 218 ընտրիչների ձայները:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար պահանջվում է ստանալ Ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները:

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախկինում երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, 70 տարեկան է:

Գրեթե բոլոր հարցումների արդյունքները վկայում էին, որ նա կպարտվի, բայց Թրամփն ապացուցեց, որ ինքը հաղթողներից է:

Թրամփի նախընտրական խոստումն է՝ «Ամերիկան նորից մեծ պետություն դարձնել», և նա պատրաստվում է դա անել՝ քաղաքականության աշխարհում կիրառելով գործարարի իր հանրահայտ ջիղը:

Թրամփը ծնվել է մի ընտանիքում, որն ահռելի հարստության տեր էր: Նրա հայրը՝ Ֆրեդը, Նյու Յորքում բնակարանային շինարարությամբ զբաղվող հաջողակ գործարար էր: Դոնալդը գնաց նրա հետքերով և իր բիզնեսն աճեցրեց հորից պարտքով վերցված միլիոններով:

Թրամփին հաջողվեց ստեղծել բիզնես կայսրություն, որը, նրա պնդմամբ, միլիարդավոր դոլարներ արժե:

Մանհեթենում գտնվող Թրամփի աշտարակը նրան դարձրեց Նյու Յորքի բնակարանաշինարարական ոլորտի ազդեցիկ գործարարներից մեկը:

Թրամփը տարածեց իր բիզնեսը՝ դրանում ներառելով հյուրանոցներ, խաղատներ և գոլֆի խաղադաշտեր:

Իր գրած «Գործարքի արվեստը» և «Վերադարձի արվեստը» գրքերում Թրամփը ներկայացրել է բիզնեսի իր փիլիսոփայությունը: Առաջին քայլը դեպի հաջողություն, ըստ նրա, «մեծ-մեծ մտածելն է»:

«Իրականում ես դա գրել եմ որպես գիրք բիզնեսի մասին, բայց այնտեղ նաև շատ անձնական բան կա, և մեծ տեղ է հատկացված հարաբերություններին: Դա գիրք է հաջողության հասնելու մասին, մրցակցությանը դիմակայելու մասին, և ես կարծում եմ՝ բոլորն այն պետք է անպայման կարդան, դա պարզապես ակնհայտ է», - նշել է նա:

Այդ գրքերը բեսթսելերներ դարձան և Թրամփին մեծ ճանաչում բերեցին:

Մի շարք մոդելների հետ նրա ամուսնությունների լուսաբանումը դեղին մամուլում նույնպես նպաստեցին նրա ճանաչմանը:

Նրանցից առաջինը Իվանա Զելնիչկովան էր, ապա՝ Մարիա Մեյփլզը, իսկ հետո Մելանիա Կնաուսը՝ նրա այժմյան կինը:

Հայտնի մարդիկ նրա ամուսնական արարողություններին առանձնակի հոլիվուդյան շուք էին հաղորդում:

Թրամփն ինքն էլ դարձավ հեռուստաաստղ, երբ թողարկեց իր սեփական ռեալիթի շոուն՝ «Աշակերտը», որի մասնակիցները մրցում էին գործարարի մոտ աշխատելու հնարավորության համար:

Թրամփի ոչ բոլոր բիզնեսներն են հաջողությամբ պսակվել: Վաղ 90-ականներին նրա երեք խաղատներ՝ Աթլանտիկ Սիթիում և Նյու Ջերսիում, սնանկացան:

Թրամփի երեք բիզնեսներ էլ սնանկացման հայտ ներկայացրեցին 2009 թվականին:

Չնայած անհաջողություններին՝ նրան միշտ հաջողվում է հարթել խնդիրներն ու վերադառնալ:

Իսկ հետո՝ 2015 թվականին, Թրամփի աշտարակում, նա հայտարարեց, որ մասնակցելու է նախագահական արշավին, և հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում՝ Մեքսիկայից անօրինական ներգաղթը դադարեցնելու մասին իր արմատական առաջարկով:

«Ես հսկայական պատ կկառուցեմ, և հավատացեք՝ պատեր կառուցելու հարցում ինձ հետ ոչ ոք չի կարող մրցել: Եվ ես դա կկառուցեմ շատ էժան: Ես մեծ՝ հսկա պատ կկառուցեմ մեր հարավային սահմանին, և ես կստիպեմ հենց Մեքսիկային վճարել այդ պատի կառուցման համար: Հիշեք իմ խոսքերը», - ասաց նա:

Թրամփի հայտարարությունները բողոքի ցույցերի պատճառ դարձան նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա խոսում էր «մեքսիկացի բռնաբարիչների» և ապօրինի թմրանյութեր ներմուծողների մասին՝ խոստանալով արտաքսել անօրինական միգրանտներին և կանխել նրանց մուտքը երկիր: Նա նաև խոստացել էր ժամանակավորապես արգելել մահմեդականների մուտքը Ամերիկա, որպեսզի պաշտպանի երկիրը ահաբեկիչներից՝ թեև հետագայում այս խոստումը փոփոխություններ կրեց:

Սակայն սա դեռ ամենը չէր՝ նախընտրական քարոզարշավի ամենահակասական դրվագը դեռ առջևում էր: The Washington Post-ը ձեռք բերեց և հրապարակեց մի տեսանյութ, որում Թրամփը խոսում է կանանց մասին՝ տեղյակ չլինելով, որ խոսակցությունը տեսագրվում է: Տեսանյութը մեծ սկանդալի պատճառ դարձավ:

«Ինչ ասեմ՝ ես ասես կախարդանքով ձգվեմ դեպի գեղեցկությունը՝ ես անկախ ինձանից սկսում եմ համբուրել նրանց: Դա ասես մագնիս լինի: Ուղղակի համբույր: Ես նույնիսկ չեմ սպասում»: Հետո նա սկսում է պարծենալ, թե իբր բռնում է կանանց սեռական օրգանները:

Հեռուստատեսային դեբատների ժամանակ Թրամփը փորձեց արդարանալ․ - «Դա տղայական խոսակցություն էր․․․ ես դրանից ամաչում եմ»:

Կարճ ժամանակ անց մի շարք կանայք հայտարարություններով հանդես եկան, պնդելով, թե Թրամփը իրենց նկատմամբ ոտնձգություններ է կատարել և առանց թույլտվության համբուրել:

Թրամփը կտրականապես հերքեց բոլոր այդ պնդումները և սպառնաց ընտրություններից հետո դատի տալ այդ կանանց:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խիստ քննադատության արժանացավ նաև իր հարկային մուտքերը չհրապարակելու համար, թեև 1980-ականներից սկսած նախագահական բոլոր թեկնածուները հրապարակել են այդ տեղեկատվությունը:

Արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմախոսները Դոնալդ Թրամփին մեղադրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը վայելելու մեջ:

Դա նրան առանձնապես չի մտահոգել, ավելին՝ Թրամփը քարոզում էր Ռուսաստանի հետ ալյանս կազմելու և միասին «Իսլամական պետության» դեմ պայքարելու հեռանկարը:

«Ես Պուտինին չեմ ճանաչում: Նա իմ մասին դրական է արտահայտվել, եթե մենք իրար հետ լեզու գտնենք, դա շատ լավ կլինի: Եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ընդհանուր լեզու գտնեն և միասին պայքարեն «Իսլամական պետության» դեմ՝ դա, իհարկե, շատ լավ կլինի», - ասել է Թրամփը:

Նա մի շարք առիթներով հայտարարել է, որ ընտրությունները կարող են կեղծվել իր մրցակցի օգտին, սակայն այժմ, փաստորեն, հաղթանակ է տոնում:

Թրամփն ընտրվել է երկրի ամենաբարձր պաշտոնում, նա ստանձնում է աշխարհի ամենաազդեցիկ աշխատանքը:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG