Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Մեղադրանք է առաջադրվել վարորդների վճարած տուգանքների գումարները յուրացրած ոստիկանին


Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է ճանապարհային ոստիկանության աշխատակից Գ. Հովհաննիսյանը:

«Քրեական գործով կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության տեսուչները տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել և հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության մայոր Գ. Հովհաննիսյանին, ով իր իրավասության սահմաններում, հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացը սահմանված կարգով իրականացնելու փոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական դրամ գումարները, այնուհետև քաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշված տուգանքների մուծման ժամկետները 6ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետո արձանագրություններին կցել է վճարման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներն իրականում վճարումներ են կատարել բանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է ընդհանուրը 320 հազար դրամ», - նշում է ՀՔԾ-ն՝ շարունակելով. - «Այս կերպ Հովհաննիսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի քանի դրվագներով իրեն վստահված ուրիշի գույքի զգալի չափերով յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով [Յուրացնելը կամ վատնելը որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով] և 314-րդ հոդվածի 1-ին մասով [Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը]։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG