Մատչելիության հղումներ

ԸՕ-ի փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Քննադատելով ու անթույլատրելի համարելով մի շարք դրույթներ՝ ընդդիմադիրներն այսօր կողմ քվեարկեցին Ընտրական օրենսգքրի փոփոխությունների նախագծին՝ իշխանություններից պահանջելով մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը շտկել փաստաթուղթը:

Ընդդիմության վերջին 15 տարիների ամենագլխավոր պահանջը՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը նախագծում առկա է: Խորհրդարանական փոքրամասնությանը, սակայն, մտահոգում է ընտրակեղծարարության մասին ոչ ճիշտ ահազանգերի քրեականացումը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե նախագիծը չի տարանջատում միտումնավոր և անզգուշությամբ արված կեղծ հայտարարությունները, ինչը, ըստ նախկին զինդատախազի, անընդունելի է․ - «Այսինքն մենք սուտ մատնության կամ սուտ ցուցմունք տալու նույն նորմը կիրառում ենք ավելի պարզեցված՝ նաև անզգույշ մեղքի պայմաններում, ինչը անընդունելի է քրեական իրավունքում և պրակտիկայում: Էս խնդիրը, եթե համաձայնության կգան, բոլորին կոչ անեմ կողմ քվեարկել»:

Նախագծի համաձայն, եթե ցուցակների հրապարակումից հետո քաղաքացին կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկելու հայտարարություն է տալիս, և ընտրական հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում ընտրակեղծարարությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում, ապա այդ հայտարարությունը հավաստիության կանխավարկածով համարվում է ճիշտ:

Քանի որ ապացուցելու բեռը դրվում է ոչ թե դիմումատուի, այլ ԿԸՀ֊ի վրա, կառավարությունն առաջարկում է ազատազրկման պատիժ սահմանել այն անձանց նկատմամբ, ում հայտարարությունները կհամարվեն ոչ ճիշտ:

Նախագծին դեմ քվեարկած եզակի պատգամավորներից Խաչատուր Քոքոբելյանը պնդեց, որ այս դրույթով ստորագրված մատյանների հրապարակումն անիմաստ է դառնում․ - «Ցուցակների հրապարակումը մենք պահանջել ենք նրա համար, որպեսզի կրկնաքվեարկությունը բացառվի: Իսկ այս պարագայում կրկնաքվեարկությունը բացառել անհնարին է դառնում»:

Մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը, ընդդիմության պահանջով, փոփոխության է ենթարկվում արդեն երկրորդ անգամ: Առաջին փոփոխությունները, որոնցով նախատեսվում էր ընտրությունը թույլատրել միայն նույնականացման քարտերով և ստուգել քաղաքացիների տասը մատնահետքերը, կյանքի չկոչվեցին՝ տեխնիկական պատճառաբանությամբ:

Փոխարենը իշխանությունները ի վերջո համաձայնեցին հրապարակել ստորագրված մատյանները, և 4+4+4 ձևաչափում ընդդիմության հետ նոր համաձայնագիր ստորագրվեց:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր մտավախություն հայտնեց, որ կառավարությունը կրկին փորձում է տապալել գործընթացը․ - «Համաձայնությունը չեղարկելը նշանակում է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելու կարևոր պահանջից, որը ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել»:

Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վարհամ Բաղդասարյանը հայտարարեց, թե կառավարությունը փոփոխությունները ձախողելու ցանկություն չունի․ - «Խիստ են գնահատականները: Որևէ միտում չկա հիմնական զեկուցողի կողմից․ կան տարբեր կոմենտարիաների արդյունքներ, որը մենք պետք է քննարկման արդյունքում աշխատենք շտկել»:

Ընդդիմության մտահոգությունները փորձեց փարատել նախագծի հեղինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Օրվա երկրորդ կեսին ԱԺ եկած Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ կառավարությունը համաձայն է փոփոխել ընտրակեղծարարության մասին ոչ ճիշտ հայտարարությունները քրեականացնող դրույթը՝ տարանջատելով միտումնավորը անզգուշությամբ արվածից․ - «Եթե խոսքը վերաբերում է անփութությանը, այսինքն՝ անզգուշության որոշակի տեսակի, ապա քրեական պատասխանատվությունն ավելի մեղմ է, այն կլինի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչը 800-ապատիկը, կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով: Այսինքն, էական մեղմում տեղի ունեցավ այստեղ»:

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ կողմ քվեարկեն նախագծին, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կդրվի վաղն առավոտյան:

Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումից բացի, նախագծով առաջարկվում է բոլոր երկու հազար տեղամասերում տեղադրել տեսախցիկներ, ուղիղ հեռարձակել քվեարկության ամբողջ գործընթացը ու հաշվարկը: Նախատեսվում է նաև խստացնել ընտրակեղծարարության հոդվածները՝ տուգանքը փոխարինելով ազատազրկմամբ:

XS
SM
MD
LG