Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննադատում է ընտրակեղծարարության մասին ահազանգերի քրեականացումը


Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումն այսօր Ազգային ժողովում մեկնարկեց առանց կառավարության ներկայացուցչի: Նախագծի համահեղինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բացակայությունը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրենսդիր մարմնի նկատմամբ արհամարանք որակեց:

«Զբաղված են մարդիկ՝ ման են գալի հորքուրի, հորեղբոր, քեռու, թոռ, երեխա, ընկեր, բան․․․ զանգերը կապել են, «Օդնոկլասնիկներով», բան․․․ մարդ են մարդ գալի՝ կառավարություն են սարքում: Մինչդեռ նույն կառավարությունը, որին պետք է վաղը վստահենք, իբրև ուրիշ է», - ԱԺ ամբիոնից դժգոհեց Բիշարյանը:

Անդրադառնալով նախագծին՝ ընդդիմադիր պատգամավորն անընդունելի համարեց ընտրակեղծարարության ոչ ճիշտ ահազանգերի քրեականացումը:

«Ասենք, գյուղացի մարդ է մեկը, մեկը հասակավոր է․․․ տեսել է՝ ինչ-որ բան սխալ է տեսել: Համարել, որ սուտ հայտարարություն ես արել, 2-ից 5 տարի դատե՞նք: Այստեղ նստածների մեջ էնքան ստախոսներ կան, դատեք», - հավելեց նա:

Նախագիծը չի տարանջատում միտումնավոր և ոչ միտումնավոր կեղծ ահազանգերը: Պատգամավորի էլինար Վարդանյանի խոսքով, վստահված անձը, հանձնաժողովի անդամը կամ արդար ընտրություններով մտահոգ քաղաքացին կարող է անզգուշությամբ ոչ ճիշտ հայտարարություն ներկայացնել և դրա համար դատապարտվել ազատազրկման:

«Այս տարբերակը, իհարկե, հանդիսանալու է խոչընդոտ, որպեսզի քաղաքացին, եթե հայտնաբերել է խախտումներ, ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր, պարզապես վախենա դիմել իրավապահ մարմիններին», - նշեց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց հանել քրեական պատասխանատվությունը կամ փոխարինել այն դրամական տուգանքով:

«Իրավունք չունեք բացառելու, որ հնարավոր են բարեխիղճ մոլորության դեպքեր, հնարավոր է, որ ես վստահ լինեմ, որ իմ դրկից հարևանը 10 տարի հանրապետությունում չէ, և իսկապես հնարավոր է, որ նա այդ օրը եկել քվեարկել է՝ պատահաբար իրեն չեմ տեսել: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ դրա համար ես պիտի 2-ից 5 տարի ենթարկվեմ քրեական պատասխանատվությա՞ն», - հարցրեց Զոհրաբյանը:

Մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը ընդդիմադիրների պահանջով փոփոխվում է արդեն երկրորդ անգամ:

4+4+4 ձևաչափը նախաձեռնած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե իշխանությունը համաձայնել է հրապարակել ստորագրված մատյանները, սակայն ընտրակեղծարարության գործելաոճն նրանց մոտ չի փոխվելու․ - «Իշխանությունը, ըստ էության, ասում է իր ընտրակեղծարար համակարգին՝ այսուհետև մենք չենք կարող ընտրությունների օրը գերեզմաններից և արտերկրից ընտրողների տեղափոխման հրաշքը գործել, և պետք է այսուհետև հույսը դնենք Հայաստանում ֆիզիկապես գտնվող և տեղամաս այցելած ընտրողի վրա, բայց ահա այդ ընտրողի վրա ներազդելու գործոն հանրապետական կուսակցության կողմից երկու հարյուր թեկնածուները կգործադրեն կաշառելու, խոստումներ տալու, վախեցնելու ամբողջ զինանոցը»:

Քննարկման կեսից Դավիթ Հարությունյանը, այդուհանդերձ, եկավ խորհրդարան: Ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ նախագահին կոչ արեց անարձագանք չթողնել այս փաստը:

«Շնորհակալություն, որ եկել եք, պարոն Հարությունյան: Եվ պարոն Սահակյան, խնդրում եմ պահանջեք կառավարությունից, որ հավուր պատշաճի վերաբերմունք լինի Ազգային ժողովի նկատմամբ», - ասաց Քոքոբելյանը:

Իր եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանն ուշանալու պատճառների մասին չխոսեց, փոխարենը նախագիծը կոշտ քննադատող ընդդիմադիրներին հիշեցրեց, որ այն համաձայնեցվել ու ստորագրվել է նրանց հետ համատեղ․ - «Պայմանավորվում ենք՝ սրա փոխարեն սա: Բայց հետո դուք ասում եք՝ կլինի՞ դուք մեր ուզածը տաք, իսկ հակառակը՝ էն, ինչ որ մենք դրա փոխարեն պետք է տանք, չտանք: Չի՛ լինի»:

Ակնկալվում է, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը, և 24-ժամվա ընթացքում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:

XS
SM
MD
LG