Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է ԸՕ-ում նոր փոփոխություններ նախատեսող օրինագիծը


Ընդդիմության պահանջով Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններն այսօր քննադատության ենթարկվեցին նույն ընդդիմության կողմից:

Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու դրույթն առկա էր նախագծում: Խորհրդարանական փոքրամասնության համար, սակայն, անհասկանալի էր, թե ինչու քաղաքացին քրեական պատասխանատվության կենթարկվի՝ եթե ընտրակեղծարարության վերաբերյալ իր հայտարարությունը Ընտրական հանձնաժողովը ճիշտ չի համարի:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով, այս փաստը կկաշկանդի կեղծիք հայտնաբերած քաղաքացիներին դիմում ներկայացնելիս․ - «Մարդը, վստահված անձը, քաղաքացին կամ հանձնաժողովի անդամը հայտարարություն է անում, որը տասը հոգի չեն եկել քվեարկության, բայց իրենց տեղը քվեարկել են: Իննում ճիշտ է դուրս գալիս, որ ուրիշի տեղն են քվեարկել, տասներորդում ինքը սխալվել է, կամ թյուրիմացություն է եղել: Եվ էս դեպքում մենք կարող ենք նրան մեղադրել սուտ հայտարարություն տալու համար և 2-5 տարի հոդված տալ»:

Նախագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանը պնդեց, թե քրեական պատասխանատվություն չնախատեսելու դեպքում «ընտրական մղձավանջ» կստեղծվի․ - «Երբ մենք խոսում ենք նման դիմումների մասին, ինչո՞ւ ենք գրում աներկբա: Ոորվհետև չպիտի լինի՝ ըստ տարածված լուրերի, կամ ըստ հարևանների կողմից տրված տեղեկատվության․․․ Սա պետք է լինի իսկապես աներկբա՝ անձը մասնակցել է, կամ անձը չի մասնակցել, բայց նրա փոխարեն մեկ այլ անձ ստորագրել է: Հակառակ դեպքում մենք կարող ենք իսկապես ստեղծել ընտրական մղձավանջ»:

Քրեական պատասխանատվության ներմուծումն անթույլատրելի էր նաև Էդմոն Մարուքյանի ու Խաչատուր Քոքոբելյանի համար: Պատգամավորների պնդմամբ՝ այդպիսով ընտրակեղծարարության ահազանգերը էականորեն կկրճատվեն:

«Կարող է շահարկվել նաև հանձնաժողովներում՝ ասվելով, որ՝ ժողովուրդ ջան, գիտեք չէ, որ եթե էդ հայտարարությունը տվեցիք, ձեզ կդատեն, եթե հանկարծ չհաստատվեց․․․ Մարդիկ կասենք՝ լավ, դե ինչ գործ ունենք, իզուր վտանգի տակ չդնենք մեզ», - ասաց Մարուքյանը:

«Մի բանը ակնհայտ է՝ անթույլատրելի է, որ լինեն անպատասխանատու հայտարարություններ, որոնք կստեղծեն այդ տպավորությունը վատ ընտրությունների մասին», - արձագանքեց Դավիթ Հարությունյանը:

«Էս ինստիտուտը ներդնել, նշանակում ա ի սկզբանե կոշտ մեթոդներով ամեն ինչ անել, որ մարդը խուսափի բողոք ներկայացնել: Որևիցե մեկը չի կարող մարդկանց ստիպել, ասել՝ դու մեր էս դատական համակարգի պայմաններում, արդարադատության գրեթե բացակայության պայմաններում բեր վստահի, բողոք գրի, հետո ինչ կլինի՝ կլինի․․․ Եթե չի լինի՝ 2-3 տարի դատվում եք», - իր հերթին, ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Դավիթ Հարությունյանի պատասխանը․ - «Եթե ես հիմքում ընդունում եմ հետևյալ դրույթը՝ ես ձեր խոսքը համարում եմ հավաստի, քանի դեռ ինքս չեմ կարողացել ապացուցել հակատակը, սա լուրջ բեռ ենք վերցրել մեր ուսերին: Նման դեպքում բնական է, որ պետք է ձեր վրա ևս որոշակի բեռ դրվի, որ դուք ներկայացնեք հավաստի տեղեկատվություն»:

Դեմ չլինելով ստորագրված մատյանների հրապարակմանը՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանից փորձեց ճշտել, թե արդյոք այս դրույթն այլևս հակասահմանադրական կամ միջազգային իրավունքին հակասող չէ․ - «Ինչքանո՞վ եք հավանական համարում, որ խորհրդարանական մեծամասնությունը կամ իշխանությունը որևէ լծակով Սահմանադրական դատարանում էս դրույթը չեղյալ կհայտարարի»:

Հարությունյանն արձագանքեց․ - «Այն, որ խորհրդարանական մեծամասնությունը չի դիմի նման հարցով Սահմանադրական դատարան, երաշխավորում եմ»:

4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը ընդդիմության պահանջով փոփոխության է ենթարկվում արդեն երկրորդ անգամ: Ստորագրված մատյանների հրապարակումից բացի, 2 հազար տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնց միջոցով ուղիղ կհեռարձակվի ընտրական ամբողջ գործընթացը:

Այս գործառույթի իրականացումը, սակայն, կառավարությունը թողել է մասնավոր ընկերության վրա:

Նիկոլ Փաշինյանը ենթադրեց․ - «Տեսանկարահանման հետ կապված և հեռարձակման հետ կապված կառարավարության հայտարարության մրցույթին ոչ մի ընկերություն հայտ չի ներկայացնում: Ի՞նչ է լինում էդ պարագայում, և ինչքանո՞վ է հնարավոր այս իրավիճակը»:

«Եթե հայտեր չլինեն, որևէ ընկերություն չստանձնի նման պատասխանատվություն, ուրեմն տեսանկարահանումը չի լինի», - պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումն Ազգային ժողովը կշարունակի վաղը:

XS
SM
MD
LG