Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ու ԵԽ ներկայացուցիչը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի նախագահի համատեղ հրավերով Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայան:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, այսօր Բուայային ընդունել է օմբուդսմեն Արման Թաթոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելմանն առնչվող հարցեր:

Կողմերը քննարկել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, Պաշտպանի գրասենյակի աշխատակիցների՝ մարզերում ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:

Բուայան հատուկ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման համար իրականացվող ծրագրերում Պաշտպանի դերակատարությունը:

Նա կարևորել է նաև Պաշտպանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կատարման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունենալու անհրաժեշտությունը: Սա հանդիսանում է միջազգային լավագույն փորձ և կարևոր է մյուս երկրներում այն տարածելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները և դարձնելով այն շարունակական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG