Մատչելիության հղումներ

ՔԿ. Ավտոբուսի վթարի դեպքով հարուցվել է քրեական գործ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի դեպքով հարուցվել է քրեկան գործ։

Ըստ հաղորդագրության, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, Ռուսաստանի քննչական մարմիններում Հայաստանի ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների հետ և ընդգրկվել վթարի կապակցությամբ Ռուսաստանում ստեղծված օպերատիվ շտաբի կազմում։

«Ռուսաստանի ներքին գործերի նախարարության քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ Ռուսաստանի քաղաքացի, 2-ը՝ Հայաստանի քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է: 27 անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

«Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահին։ Քննությամբ պարզված հանգամանքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG