Մատչելիության հղումներ

«Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնալ, թե մնալ Սիրիայում». Սփյուռքի նախարարություն


Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյան, արխիվ
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյան, արխիվ

Ըստ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի, այն մարդիկ, ովքեր ցանկացել են դուրս գալ Սիրիայից, վաղուց դուրս են եկել։

«Մեր ունեցած ինֆորմացիայով, այն տագնապային, խուճապային վիճակը, որ հիմա հնչեցնում են, դա չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն, այնպես չէ, որ տոտալ տեղափոխման ցանկություն գոյություն ունի: Նորից եմ կրկնում՝ այն մարդիկ, որոնք ուզեցել են գալ, դուրս գալ Սիրիայից, վաղուց դուրս են եկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը՝ շարունակելով. - «Կան մարդիկ, որ այսօր ուզում են դուրս գալ, ոչ ոք դա չի ժխտում, բայց մամուլն այնպիսի տրամադրություն է ձևավորում, որ կարծես թե Սիրիայի հայերը բոլորն ուզում են դուրս գալ այնտեղից, և Հայաստանը որևէ բան չի անում»։

«Հալեպ» միության ներկայացուցիչ Շուշան Կարապետյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ միության միջոցներով Հայաստան է տեղափոխվել 250 սիրիահայ։ «Մենք դիմումներ ենք ստացել 600-ից ավելի, որոնք ուսումնասիրվում են։ Բայց ցանկացողներն ավելին են։ Հիմա այդքանն է նախատեսված՝ բարերարների տրամադրած գումարով այդքան մարդ կարող ենք տեղափոխել», - ասել էր Կարապետյանը։

Զաքարյանի խոսքով, այդ բոլոր թվերը պետք է ճշգրտվեն։ «Հայտարարելով, թե 600 մարդ ուզում է գալ․․․ որտե՞ղ են այդ մարդկանց անունները, որտե՞ղ են այդ ցուցակները: Հենց այդպես օդի մեջ հայտարարելով որևէ բան դուրս չի գա, դա գործին չի օգնում, դա ընդամենը խուճապային տրամադրություն է, նույն Սիրիայում կարող են ասել՝ «ոնց, 600 մարդ գնում է, բա մենք էլ գնանք և այն», - ասաց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը։

Դիտարկմանը, թե գործարար Ռուբեն Վարդանյանը մտածում է այնտեղ օդանավ ուղարկելու և մարդկանց Սիրիայից տարհանելու մասին, և հարցին, թե Վարդանյանը նո՞ւյնպես այդ խուճապներին է տուրք տվել, Ֆիրդուս Զաքարյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ՝ պարոն Վարդանյանը որտեղից է այդ տվյալները վերցրել, արդյո՞ք այդ 600 մարդու անունը կա պարոն Վարդանյանի մոտ, եթե կա՝ արդյո՞ք ստուգված են այդ տվյալները։ Եթե պարոն Վարդանյանն ավելի մեծ ինֆորմացիա ունի, ես կարող եմ միայն ողջունել նման քայլն անելու համար»։

Զաքարյանի փոխանցմամբ, Սիրիայից հայերի տարհանման հարց այս պահին չի քննարկվում։ «Ո՛չ, տարհանման հարց չի քննարկվել և չի էլ կարող քննարկվել մի պարզ ճշմարտությամբ, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը, մենք Երևանում նստած չենք կարող որոշել հայ համայնքի տեղահանման, տեղափոխման մասին: Չկա այդպիսի բան, որ 20 հազար հայ այսօր կանգնել են ու ասում են՝ «մեզ տեղափոխե՛ք», նման բան գոյություն չունի», - ասաց Զաքարյանը։

Հարցին, որ եթե այդ 20 հազար հայը կանգնի ու ասի՝ «մեզ տեղափոխե՛ք», Հայաստանն ունի՞ նրանց տեղափոխելու ռեսուրսը, Զաքարյանը պատասխանեց. - «Երբ որ կլինի նման հավաքական ցանկություն, երբ որ կնայենք, կտեսնենք դրա նպատակահարմարությունը և այլն, այն մարդիկ, ովքեր կուզենան գան Հայաստան, մենք կընդունենք նրանց այնպես, ինչպես այս 20-21 հազար սիրիահայերին մենք ընդունեցինք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG