Մատչելիության հղումներ

Հալեպաբնակ հայերից «շատերը կօգտվեն Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունից»


Հալեպում բաշխվում է Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը: 7-ը հոկտեմբերի, 2016 թ․

Հալեպում բաշխվում է Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը: 7-ը հոկտեմբերի, 2016 թ․

Հալեպում հրթիռակոծության վտանգի տակ ապրող Մայդա Բակկալյանն ուրախացավ, երբ «Ազատության» հետ զրույցում տեղեկացավ Հայաստան տեղափոխվելու հնարավորության մասին։

Նրա խոսքով, տեղի հայ գաղութը նոսրացել է, մնացել են միայն տարեցները:

Անցած շաբաթավերջին Ռուբեն Վարդանյանի գլխավորած Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը հայտարարեց, որ պատրաստ են միավորելու ջանքերը այլ կազմակերպությունների հետ՝ սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար։

Հալեպի կենտրոնական՝ Ազիզիե թաղամասում ապրող Մայդա Բակկալյանն ասում է, որ Հալեպից չի կարողանում դուրս գալ տարեց մոր, ինչպես նաև միջոցների բացակայության պատճառով։

«Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունից կօգտվեն շատերը», - հույս հայտնեց նա՝ հավելելով, որ Հալեպում մնացած բոլոր հայերը Սիրիայից մեկնելու հարցում օգնության կարիք ունեն:

Բակկալյանի խոսքով, իրավիճակը Հալեպում շարունակում է աղետալի մնալ Սիրիայում ռուս-ամերիկյան հրադադարի համաձայնության տապալումից հետո: Պատմեց, որ «Ազատության» հետ հեռախոսազրույցից րոպերեն առաջ հրթիռակոծվել են բնակելի շենքեր:

Վերջին շաբաթներին Հալեպում սաստկացած հրթիռակոծության հետևանքով տասնյակ սիրիացիներ են զոհվել․ հայերի շրջանում զոհերի թիվը անցած երկու շաբաթներում հասավ 8-ի։ Մայդա Բակկալյանը մասնակցել էր մեկ շաբաթ առաջ Հալեպում հրթիռակոծման հետևանքով զոհված Մովսես Մովսեսյանի և Գասպար Շաթոյանի հուղարկավորությանը:

Դեռևս չի մանրամասնվում, թե ինչպես է պատրաստվում Ռուբեն Վարդանյանի Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը Սիրիայում մնացած հայերին տեղափոխելու Հայաստան։

«Պետք է գործել հենց հիմա: Ցավում ենք և մտահոգ ենք այժմ հակամարտության գոտում գտնվողների համար: Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիներին մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց», - ասված է հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ հիմնադրամին են միացել մի քանի այլ մասնավոր հիմնադրամներ, և այժմ աշխատում են Հայաստանի կառավարության հետ՝ «համոզված լինելու, որ Հայաստան ժամանողները կստանան պետական անհրաժեշտ հիմնական աջակցություն, կկարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատությանն» անցած շաբաթ ասել էր, թե հայերի տարհանման հարց Հայաստանի կառավարությունը չի քննարկում։ Այսօր Բալայանը նշեց միայն, որ ինչպես Հայաստանում ապաստանած սիրիահայերին, այնպես էլ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին աջակցելու ցանկացած նախաձեռնություն միայն ողջունելի է՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ է ծրագրում անել Հայաստանի իշխանությունը։

Վարչապետ Կարեն Կարապետյան այսօր սիրիահայության հարցերով խորհրդակցություն է անցկացրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ անդրադարձ է կատարվել անցած շաբաթ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության, ինչպես նաև անցած 5 տարվա ընթացքում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով իրականացված ծրագրերին։ Հաղորդագրությունում, սակայն, ոչինչ չի ասվում հալեպահայերի տարհանման մասին։

«Արևելք օնլայն» պարբերականի խմբագիր, լիբանանահայ Սագօ Արեանը, որի հոդվածների մեծ մասը վերջին շրջանում նվիրված է Հալեպի աղետին, Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունից մեծ ակնկալիքներ ունի: Արեանը կարծում է, որ անցած 5 տարվա ընթացքում թերևս առաջին անգամ կհաջողվի Հալեպից դուրս բերել «դժոխքի մեջ հայտնված ընտանիքներին»․ - «Երբ անհատը հայտնվում է մահվան վտանգի առաջ, մենք չենք կարող օգնության ձեռք չմեկնենք՝ ով էլ լինի նա, ինչ պայմաններում էլ լինի, այստեղ ծանոթ ունենա-չունենա: Մենք, որպես ժողովուրդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պետք է ամեն գնով օգնենք: Եվ այս խոսքի փաստը պարոն Վարդանյանի նախագահած հիմնադրամի կոչն էր, որ, կարծում եմ, շատ մեծ տարողություն պիտի ունենա: Եվ արդեն իրենց աշխատանքները սկսել են՝ նույնպես համադրելով Հայաստանի իշխանությունների հետ»:

Ավելի վաղ Սիրիայի խորհրդարանի հալեպայ պատգամավոր, Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատությանն» ասել էր, թե Հալեպի ազգային իշխանությունները հակված չեն տարհանել այնտեղ մնացած հայերին։ Արեանն ասում է, որ չնայած դրան, պետք է գոնե օգնեն դուրս գալ ցանկացողներին․ - «Իսկ ինչ վերաբերում է «հայրենիք» կոնսեպտին, «Սիրիան հավերժական է» կոնսեպտին, «Հալեպը մեր պատմության օրրան է» խոսքերին, ես չեմ ուզում վիճարկել, ոչ էլ քննարկել, որովհետև հիմա այդ պահը չէ: Հետո օրերը ցույց կտան, թե Հալեպը հայության համար երկի՞ր էր, հայրենի՞ք էր, թե՞ սովորական մի գաղութ, ոնց որ Լեհաստանում, կամ այլ գաղութները»:

Ըստ Սփյուռքի նախարարության, արդեն 5 տարի շարունակվող պատերազմում շուրջ 150 հայ է զոհվել, 180-ը վիրավորվել է։ Անցած տարիներին Հայաստան են տեղափոխվել 20 հազար սիրիահայեր, ամբողջ Սիրիայում շարունակում է մնալ 14 հազար հայ, նրանց կեսը՝ Հալեպում։

XS
SM
MD
LG