Մատչելիության հղումներ

«Պստիկներիս և ամուսնուս քարերի տակից հանեցին». ևս մեկ սիրիահայ ընտանիք տեղափոխվեց Հայաստան


Պատերազմող Սիրիայում թողնելով ամեն ինչ հալեպահայ Ջան և Գոհար Գալուստյաններն իրենց փոքրիկների հետ ժամանեցին Երևան։

4-ամյա Գևորգն ու 3-ամյա Ռիտան պատերազմի տարիներին են ծնվել։ Մայրը՝ Գոհար Գալուստյանը «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին պատմեց, որ անցած ուրբաթ հրթիռակոծության հետևանքով երեխաները վնասվել էին։ «Պստիկներիս գլուխները վիրավորվեցին, բայց փառք Աստծո, տերը բուժեց նրանց։ Կեսօրինն էր, ուրբաթ օր էր, երբ բոլորս տանը նստած էինք, ես դռան մոտ էի, գործ կանեի, շատ հզոր մի հրթիռ ընկավ մեր տան վրա, տունս փլատակ ըրավ։ Պստիկներս և ամուսինս քարերի տակ հայտնվեցին, քարերի տակից հանեցին արյունոտված։ Կառավարության ներկայացուցիչները եկան, օգնեցին և հիվանդանոց տարան իրենց, ինձ էլ իջեցրին տնից։ 6 րոպե չէր անցել, երբ երկրորդ հրթիռն ավելի ուժգին ընկավ, ողջ շենքը քարուքանդ եղավ, տունս փլատակ ըրավ», - պատմեց Գոհար Գալուստյանը։

Հրթիռակոծության հետևանքով վնասվել է նաև ընտանիքի հոր՝ Ջան Գալուստյանի ձեռքը և ոտքը։ 51-ամյա հալեպահայը մի քանի ժամ շարունակ մնացել է տան փլատակների տակ։ Գալուստյաններն ասաց, որ արդեն մի քանի անգամ վնասված տունը երկու շաբաթ առաջ հողին հավասարվեց։

Պատերազմի թոհուբոհից հազիվ փրկված ընտանիքը պատմեց քարուքանդ եղած Հալեպի մասին։ «Հալեպում ոչ մի նեղություն չունեինք, իրականում Հալեպում լավ էր վիճակը, շատ լավ, ուրախ օրեր ենք անցկացրել Հալեպում, ինչո՞ւ սուտ խոսեմ։ Օգնություններն էլ շատ լավն էին, պայմաններն էլ լավն էին, բայց այս վերջին 6 տարիներին մենք շատ նեղությունների միջով անցանք, ոչ միայն ես, ընդհանուր Հալեպի ժողովուրդը շատ նեղությունների միջով անցավ։ Մանավանդ վերջին 6 տարիներին ամուսինս երեք անգամ վատ վիճակի մեջ ընկավ, մի անգամ օդանավակայանի ճանապարհին, հաջորդ անգամ շուկայում հայտնվեց պատահարի մեջ», - ասաց Գոհարը։

Ընտանիքը Հալեպից ավտոմեքենայով 8 ժամում հասել է Լիբանան, հետո մեկնել Դուբայ, որտեղից էլ վերջապես տեղափոխվել է Երևան։

Մի քանի ճամպրուկով հայրենիք եկած ընտանիքը փլատակների տակից կարողացել է որոշ իրեր հանել, որոնք, սակայն, մեծամասամբ վնասված են, և, ինչպես Գոհարը պատմեց, բարի մարդկանց նվիրած հագուստներն են վերցրել ու մի կերպ հասցրել հեռանալ պատերազմող երկրից. - «Մեր տանից ոչ մի բան չհասցրեցինք վերցնել, էս մեր պայուսակները որ կան՝ հագուստներ... օգնություններ են տվել պստիկներին, մեր տանից ոչ մի հագուստ չկարողացանք վերցնել»։

Գոհարի խոսքով, հալեպահայությունը ուզում է դուրս գալ Սիրիայից, սակայն գումար չունի։ «Չի կարող, դժվար է։ Հալեպահայությունն արդեն գործ չունի, մանավանդ, երբ զավակներ ունես, որոնք շորի ու ուտելիքի կարիք ունեն, առանց այդ օգնությունների չեն կարող մնալ։ Մենք շատ տառապեցինք։ Հայկական համայնքի առաջնորդները կասեն՝ «մի գաղթեք», բայց պատճառ չեն նշում։ Ոչ էլ ասում են՝«գաղթիր», բայց ժողովուրդը ուզում է դուրս գալ Հալեպից։ Հայրս, մայրս, քույրերս կուզեն գնալ Հալեպից։ Քույրերս մոտակա շրջանում կգան Հայաստան»։

Գալուստյանները Հայաստան են տեղափոխվել «Հալեպ» հայրենակցական միության միջոցներով, որն արդեն մեկ տարի է ինքնաթիռի տոմսեր է գնում պատերազմի գոտուց դուրս գալ ցանկացողների համար։

Միության ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայան էին եկել՝ դիմավորելու ընտանիքին։ Կարիքավոր սիրիահայերին Հայաստան տեղափոխող միության ներկայացուցիչ Շուշան Կարապետյանն ասաց, որ առաջիկայում ևս 100 սիրիահայի կօգնեն դուրս գալ երկրից։

Մինչ այժմ «Հալեպ» միության միջոցներով Հայաստան է տեղափոխվել 250 սիրիահայ։ «Մենք դիմումներ ենք ստացել 600-ից ավելի, որոնք ուսումնասիրվում են։ Բայց ցանկացողներն ավելին են։ Հիմա այդքանն է նախատեսված՝ բարերարների տրամադրած գումարով այդքան մարդ կարող ենք տեղափոխել», - ասաց Կարապետյանը։

Պատերազմից փրկված Գալուստյանները դեռ չեն որոշել՝ մշտապես կհաստատվեն հայրենիքում, թե՞՝ ոչ։ Առայժմ պարզ է, որ այստեղ կմնան կես տարի։

«Զվարթնոց» օդանավակայանից հետո դեռևս անծանոթ քաղաք շտապող սիրիահայ ընտանիքին առաջինը հյուրընկալեց Կարինե Յարմալոյանը։ Նա համացանցից տեղեկանալով Գալուստյանների մասին, որոշել է հովանավորել նրանց։ Պատերազմական Հալեպում հազիվ գոյատևող հալեպահայ ընտանիքի համար Յարմալոյանը բնակարան է վարձել Երևանում՝ նախապես վճարելով կես տարվա վարձը, հոգացել է նաև սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի ծախսը։

«Մտածեցինք, որ գան Հայաստան, եթե բարեկամ չունեն, բնականաբար, մենք կհոգանք սկզբի ծախսերը։ Նույնիսկ ամուսինս ասում էր՝ «չգնա՞նք ուտելիք առնենք», ասեցի՝ «իրենք կգան, միասին կգնանք, իրենց հետ կորոշենք», - պատմեց Կարինե Յարմալոյանը՝ շարունակելով. - «Սկզբում մտածում էի, որ կգան, ինչ պատրաստել եմ ընտանիքիս համար, դա էլ կուտենք։ Բայց հետո մտածեցի այսօր տոլմա պատրաստեմ՝ հա՛մ ընտանիքի համար, հա՛մ նոր եկողների, որոնց հետ բարեկամանալու ենք։ Մտածում եմ՝ այդպես է լինելու, որ, եթե մենք առաջինն ենք Հայաստանում, ում նրանք տեսնում են Հայաստանում, ճիշտ է, ես շատ շփվող չեմ, բայց, եթե իրենք իմ կարիքը ունեն, հաստատ կշփվենք։ Եթե ուզում ես քրոջ կամ եղբոր համար, ես իրենց այդպես եմ ընդունում, լավ բան անել, օգնել, իրոք շնորհակալությունը մի քիչ ծանր է», - ասաց Յարմալոյանը։

Ըստ Սփյուռքի նախարարության, արդեն 5 տարի շարունակվող պատերազմում շուրջ 150 հայ է զոհվել, 180-ը՝ վիրավորվել։ Անցած երկու շաբաթների ընթացքում հայկական համայնքն ութ զոհ ունեցավ, որոնց թվում՝ մեկ երեխա կար։

Պաշտոնական տվյալներով անցած 5 տարիներին Հայաստան է տեղափոխվել 20 հազար սիրիահայ, ամբողջ Սիրիայում շարունակում է մնալ 14 հազար հայ, նրանց կեսը՝ Հալեպում։

XS
SM
MD
LG