Մատչելիության հղումներ

Համանախագահների մոտեցման պատճառով է Բաքուն սաստկացնում անհարգալից կեցվածքը․ Քոչարյան


Իլհամ Ալիևի արձագանքը հետևանք է այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկար ժամանակ հանդուրժում են նրա սադրիչ հռետորաբանությունն ու գործելաոճը։ Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության վերաբերյալ՝ ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխարտգործնախարարի ձևակերպմամբ, հենց համանախագահների այդ մոտեցման պատճառով է, որ Ալիևի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը, ու Բաքուն ավելի է սաստկացնում իր անհարգալից կեցվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու նրանց առաջարկությունների հանդեպ։

«Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին բանակցությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները», - ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, news.a-ին ասել է Շավարշ Քոչարյանը։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ելույթ ունենալով Ասպենի ինստիտուտի և «Ատլանտիկ» պարբերականի կողմից Վաշինգտոնում անցկացվող ամենամյա համաժողովում, հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցի հստակ լուծումներ դեռ չեն ուրվագծվում:

«Այսօր աշխարհում սառեցված հակամարտություններ կան՝ օրինակ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որի պարագայում այս պահին հստակ լուծում չի ուրվագծվում, որովհետև առաջնորդները պատրաստ չեն, որովհետև կողմերի մեջ առկա է լարվածություն: Դրանք բարդ հակամարտություններ են, բայց լուծման ճանապարհ հնարավոր է գտնել, եթե մարդիկ որոշակի համալիր լուծումներ ընդունեն: Ես կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նույնպես այդ կատեգորիայի մեջ է մտնում: Մարդիկ պետք է պատրաստ լինեն ընդունել որոշակի լուծումներ», - նշել է պետքարտուղարը:

Քերիի այս հայտարարությունն Ալիևը որակել էր Հայաստանին ցուցաբերված աջակցություն․ - «Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները բազմիցս պնդել են, որ ստատուս քվոն անընդունելի է, չի կարելի երկու կողմերին հավասարաչափ մեղադրել կոնֆլիկտը չլուծելու համար, դա Հայաստանի զավթողական քաղաքականության աջակցություն է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG