Հոլանդիայի դատախազությունն այսօր հրապարակելու է Ուկրաինայի արևելքում 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր թիվ MH17 չվերթը կատարող Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ» օդանավի աղետի հանգամանքների հետաքննության երկրորդ մասը:
Արևմուտքի փորձագետներն, ինչպես նաև համացանցում տեղադրվող բաց աղբյուրների վերլուծություն իրականացնող Bellingcat հետազոտական խումբը համոզված են, որ մարդատար ինքնաթիռը ռուսական արտադրության «Բուկ» տեսակի «երկիր-երկինք» հրթիռով ոչնչացրել են ռուս անջատականները:
Օդանավի կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները:
Ըստ Հոլանդիայի քննիչների, «Բոինգը» ոչնչացրած «Բուկ» հրթիռն արտադրել է «Ալմազ-Անտեյ» ռուսական ռազմական կոնցերնը:
Ռուսական կողմն առաջին իսկ օրվանից սկսել են պնդել, թե մալայզիական օդանավը ոչ թե անջատականներն, այլ Ուկրաինայի զինծառայողներն են ոչնչացրել:
Bellingcat-ը մի քանի անգամ բացահայտել է ռուսների ներկայացրած փաստարկների կեղծ լինելը: Ըստ հետազոտող խմբի, արբանյակային լուսանկարները ենթարկվել են ֆոտոմոնտաժի, ընդ որում այն աստիճանի ապաշնորհ և պարզունակ, որ նույնիսկ Google Earth կայքից վերցրած տեղանքի լուսանկարի ամպերը չեն կարողացել նորմալ տեղավորել այն լուսանկարին, որը պետք է ապացուցեր Կիևի մեղքը: Ռուսները շարունակում են հերքել իրենց առնչությունը «Բոինգ»-ի ողբերգության հետ:
Երկու օր առաջ «Նովայա գազետա»-ն հրապարակել է մի փաստաթուղթ, որն, ըստ պարբերականի, կազմել են «Ալմազ-Անտեյ» կոնցերնի մասնագետները: Նրանք պնդում են, թե օդանավը ոչնչացրած հրթիռը կարող էր արձակվել միայն Դոնեցկի մարզի Զարոչենսկոյե բնակավայրի շրջանից, որը ողբերգության օրը եղել է ուկրաինական բանակի հսկողության տակ:
Երկուշաբթի օրը հատուկ ասուլիս են գումարել պաշտպանության նախարարության, «Ուտյոս-Տ» անվամբ ռադարային կայաններ արտադրող գործարանի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչները:
«Մենք վստահ կարող ենք պնդել, որ աղետից առաջ չի գրանցվել օդային որևէ օբյեկտ, որը Արևելքի կողմից, այդ թվում՝ Սնիժնոե գյուղից մոտեցել է օդանավին», - ասել է օդային ուժերի ռադարային միավորումների հրամանատար, գեներալ Անդրեյ Կոբանը:
Նշենք, որ ուկրաինական կողմը և արևմտյան փորձագետների գերիշխող մեծամասնությունը համոզված են, որ «Բոինգ»-ը ոչնչացրել են Սնիժնոյե գյուղի մոտ դիրքավորված ռուս անջատականները: