Մատչելիության հղումներ

Մալայզիական օդանավը ոչնչացրել են ռուսական արտադրության «Բուկ» հրթիռով


Հոլանդիայի անվտանգության վարչությունը հրապարակել է MH17 չվերթի կործանման հանգամանքների մասին զեկույցը, Գիլզե Ռիյենի օդային ռազմակայան, 13 հոկտեմբերի, 2015թ.

Հոլանդիայի անվտանգության վարչությունը հրապարակել է MH17 չվերթի կործանման հանգամանքների մասին զեկույցը, Գիլզե Ռիյենի օդային ռազմակայան, 13 հոկտեմբերի, 2015թ.

Մոսկվան զեկույցը որակել է «քաղաքական պատվեր»:

Հոլանդիայի անվտանգության վարչությունն այսօր հրապարակել է անցյալ տարվա հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում մալայզիական օդանավի կործանման հանգամանքների մասին զեկույցը։ Այն վստահաբար է՛լ ավելի կսրի Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը։

«Մարտագլխիկը «Բոինգ»-ին մոտեցել է ձախ կողմից»

Այսօրվա զեկույցը հիմնականում «տեխնիկական» է և չի պարունակում իրավական եզր այն մասին, թե ով է պատասխանատվություն կրում օդանավի աղետի համար։ Այնուամենայնիվ, զեկույցում հստակ ասվում է, որ օդանավը ոչնչացրել են «Բուկ» տեսակի հրթիռով։

«Միջազգային հետաքննության արդյունքները վկայում են, որ MH17 չվերթը կործանվել է օդանավախցիկի վերևում` ձախ կողմից մոտեցած 9N314M տեսակի մարտագլխիկի պայթյունի հետևանքով։ Այդ մարտագլխիկը տեղադրվում է «Բուկ» տեսակի երկիր-երկինք հրթիռների վրա», - ասել է Հոլանդիայի անվտանգության վարչության ղեկավար Տյիբե Յոուստրան։

Հրթիռի հետագիծը վկայում է, որ այն արձակվել է Արևելյան Ուկրաինայի տարածքից։

Յոուստրայի ղեկավարած կառույցը հետաքննում է օդային պատահարների, բնական և տեխնածին աղետների, հրդեհների և այլ միջադեպերի հանգամանքները։ Յոուստրայի փոխանցմամբ, քննիչների միջազգային խմբի ոչ բոլոր ներկայացուցիչների համար էր ընդունելի հրթիռի պայթյունի վարկածը։

Ռուսները համաձայն չեն զեկույցի հետ

«Անհամաձայնությունը ներառված է զեկույցին առընթեր մեկնաբանություններում։ Ռուսաստանի Դաշնությունը նշել է, որ հնարավոր չէ վստահաբար պնդել, թե ինչ տեսակի հրթիռ է կրել այդ մարտագլխիկը», - ասել է Յոուստրան։

Հոլանդացի փորձագետները 15 ամիս հետաքննել են աղետի հանգամանքները։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ - Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Malaysia Airlines ընկերության «Բոինգ»-ն ընկել է Հրաբովո գյուղի մոտակայքում։ Աղետի հետևանքով սպանվել է 298 մարդ` բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները։ Զոհերի երկու երրորդը` 193 մարդ, հոլանդացիներ են։

MH17 չվերթի աղետից հետո Կիևը և Մոսկվան սկսել են մեղադրել միմյանց։ Ուկրաինան և Արևմուտքը հայտարարել են, որ օդանավը ռուսներն են խփել։ Ռուսաստանը և Դոնբասի ռուս անջատականները հերքել են մեղադրանքը և պնդել են, որ օդանավը հրթիռակոծել է կա՛մ Ուկրաինայի օդուժի մարտական ինքնաթիռը, կա՛մ Դոնբասի տարածքում տեղակայված ուկրաինական ստորաբաժանումը։

«Բուկ» տեսակի հրթիռներն արտադրող «Ալմազ-Անտեյ» ռուսաստանյան ընկերությունն այսօր զեկույց է հրապարակել։ Ընկերության ղեկավար Յան Նովիկովն ասել է, որ եթե նույնիսկ օդանավը «Բուկ» հրթիռով են ոչնչացրել, ապա դա հաստատ եղել է հին տեսակի հրթիռ, որը հիմա ռուսական բանակը չի օգտագործում։

Նա ասել է, որ կոնցեռնն անցկացրել է փորձաքննություն, որի արդյունքները միանշանակ հերքում են հոլանդացի մասնագետների եզրահանգումը հրթիռի տեսակի և արձակման վայրի մասին։

«Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ եթե «Բոինգ»-ը ոչնչացվել է «Բուկ» հրթիռով, ապա դա արվել է 9M38 հրթիռով, որն արձակվել է Զարոչենսկե բնակավայրից», - պնդել է Նովիկովը։

«Անհրաժեշտ էր փակել Արևելյան Ուկրաինայի օդային տարածքը»

Հոլանդացիների այսօրվա զեկույցում ասվում է, որ չէր կարելի թռիչքներ արտոնել մի տարածքում, որտեղ ընթանում են ռազմական բախումներ և որտեղ եղել են ռազմական օդանավեր և ուղղաթիռներ վայր գցելու դեպքեր։

Ուկրաինան նախազգուշացրել է ցածր թռչող տեխնիկային սպառնացող վտանգների մասին, մի քանի անգամ ավելացրել է դրանց թռիչքների նվազագույն բարձրությունը։ Ըստ հոլանդացիների, դա պետք է արվեր նաև 10 կիլոմետր բարձրության վրա թռչող քաղաքացիական օդանավերի վերաբերյալ, սակայն չի արվել։

«Ոչ ոք չի ենթադրել, որ ուղևորատար օդանավը թիրախ կդառնա։ Աղետի օրը մոտ 60 օդանավ է անցել այդ տարածքով», - ասել է Յոուստրան և ավելացրել. - «Ուկրաինան հայտնում է, որ այդ օրերին չեն եղել օդային տարածքը փակելու անհրաժեշտ փաստարկներ, մեր համոզմամբ, սակայն, Ուկրաինայի իշխանությունը ապահովության համար երկրի արևելքում պետք է փակեր օդային տարածքը»։

Իրավական գնահատականը կտրվի 2016-ին հրապարակվելիք զեկույցում

Զեկույցի հրապարակումից հետո ուղերձով է հանդես եկել Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն։

«Ես կոչ եմ անում Ռուսաստանին հարգանքով վերաբերվել այս զեկույցին և աջակցել դրան հաջորդող քրեական հետաքննությանը, որը չորս այլ երկրների հետ իրականացնելու է Հոլանդիայի դատախազությունը», - ասել է Ռյուտեն։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր արդեն քննադատել է հոլանդացիների զեկույցը և ասել, թե ակնհայտ է, որ այդ զեկույցը «քաղաքական պատվեր կատարելու փորձ է»։

Եվս մեկ անգամ ընդգծենք` այս զեկույցում չի ասվում, թե ով է մեղավոր։ Մեղադրանքը կլինի աղետի կապակցությամբ գործ հարուցած Հոլանդիայի դատախազության զեկույցում, որը, հավանաբար, կհրապարակվի 2016 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG