«Համախմբում» կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանը հայտարարում է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է քարոզարշավը։
«Իմ և «Համախմբում» կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի մահվան կապակցությամբ։ Հայտնում եմ նաև, որ «Համախմբում» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը», - ասված է կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Այսօր նման հայտարարությամբ են հանդես եկել նաև «Բալասանյան դաշինք» և «Ալյանս» կուսակցությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. - «Արշակ Վարդևանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը և այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։ Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։ Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին», - գրել է Փաշինյանը: