Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականներ․ Ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ


ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս ՄըքԳովերն, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս ՄըքԳովերն, արխիվ

«Ժամանակն է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար», - երեկ միաձայն պնդեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսում կազմակերպված քննարկման մասնակիցները:

Աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը հետևող Լանթոսի հանձնաժողովը Կապիտոլիում էր հրավիրել «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող, վերջերս կալանքից ազատված Խադիջա Իսմայիլովային, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչին և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի որդուն:

«Կոռումպացված պաշտոնյաների, դատախազների ու դատավորների հանդեպ թիրախային պատժամիջոցները կարող են շատ արդյունավետ գործիք լինել՝ Ադրբեջանի իշխանություններին ագրեսիվ բռնաճնշումներից ետ պահելու համար», - հայտարարեց լրագրող Խադիջա Իսմայիլովան՝ ընդգծելով․ - «Ադրբեջանի համատարած կոռուպցիան միայն ներքին խնդիր չէ, նավթադոլարները դուրս են գալիս երկրի սահմաններից՝ հասնելով ԱՄՆ Կոնգրես, Եվրախորհուրդ ու Եվրախորհրդարան: Անհրաժեշտ է կանգնեցնել այդ մեքենան՝ հստակ ուղերձներով ու սահմանափակումներով»:

Ադրբեջանում երկու շաբաթից անցկացվելիք սահմանադրական հանրաքվեից առաջ կազմակերպված քննարկմանը ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի որդին՝ Թուրքելին պնդեց, որ Իլհամ Ալիևն այդ փոփոխություններով ուզում է ամրապնդել իր միահեծան իշխանությունը՝ հետագայում աթոռը ժառանգելով որդուն՝ կրտսեր Հեյդարին: «Անհրաժեշտ է հստակ ուղերձ հղել, որ բռնաճնշումների ու կոռուպցիայի այս քաղաքականությունն այլևս անհնար է հանդուրժել՝ անհատական պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ», - հորդորեց ընդդիմադիր գործչի որդին՝ հավելելով, որ իշխանությունների ճնշումները ընդդիմախոսներից ու լրագրողներից հասել են նրանց ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Ադրբեջանում գնալով վատթարանում է՝ իր հերթին փաստեց 20 տարի առաջ այդ երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ռիչարդ Կոզլարիչը: «Ես ընդունում եմ, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վաշինգտոնի համար էներգետիկ ոլորտում ու ահաբեկչության դեմ պայքարում, սակայն դա չպետք է ազդի մեր սկզբունքների վրա», - հայտարարեց ամերիկացի դեսպանը:

«Ռազմավարական հարաբերությունները պահանջում են ընդհանուր արժեքներ, այդ թվում՝ հավատարմություն մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանը: Մինչդեռ Ադրբեջանում առաջարկվող սահմանադրական փոփոխությունները է՛լ ավելի են հեռացնում երկիրն այս սկզբունքներից: Կուլիսային դիվանագիտությունը այս դեպքում արդյունքներ չի տալիս», - շեշտեց Ռիչարդ Կոզլարիչը՝ հորդորելով պաշտոնական Վաշինգտոնին անցնել բաց ու հրապարակային քայլերի:

«Դրանց թվում կարող է լինել ամերիկյան դեսպանի ժամանակավոր հետկանչը Ադրբեջանից՝ մարդու իրավունքների վատթարացող վիճակի շուրջ քննարկումների նպատակով, այդ խախտումների համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելափակումը», - առաջարկեց դեսպան Կոզլարիչը:

Քննարկումը վարող՝ կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄըքԳովերնը հետաքրքրվեց՝ ինչ կարող է անել միջազգային հանրությունը Ադրբեջանի ժողովրդավացմանը նպաստելու համար: «Առաջին հերթին պետք է չօգնել գործող վարչակազմին՝ կեղծված ընտրություններից հետո այսպես կոչված հաղթողին շտապ շնորհավորելով», - հայտարարեց Խադիջա Իսմայիլովան՝ հավելելով․ - «Խիստ հիասթափեցնող է, որ կեղծված ընտրություններից հետո առաջին շնորհավորանքները գալիս են ժողովրդավար երկրներից»:

Ավելի քան մեկ ժամ շարունակված քննարկման ավարտին կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄըքԳովերնը խոստացավ ստացած տեղեկությունները փոխանցել գործընկերներին: Նա, ի դեպ, մեկն է այն չորս կոնգրեսականներից, որ շրջանառության մեջ են դրել հատուկ բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հանդեպ` մարդու իրավունքների շարունակական խախտումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG